Բրազիլիայի Գերագույն դատարանը ընդունել է դատախազության կողմից՝ Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Էդուարդ Կոնյեին առաջադրված կոռուպցիոն գործունեության մեղադրանքը: Պարոն Կոնյեն նախագահ Դիլմա Ռուսեֆի ընդդիմադիրն է և մեղադրվում է կաշառք վերցնելու և փողերի լվացման մեջ, որը առնչվում է նավթային Petrobras ընկերության հետ կնքած պայմանագրերի հետ: Փոխանցում է BBC-ն:
Դատարանը ավելի ուշ կորոշի, թե արդյոք Կոնյեն պետք է լքի իր պաշտոնը: Նա հերքել է առաջադրված բոլոր մեղադրանքները և մերժել է հրաժարական ներկայացնել:
Խորհրդարանի ստորին պալատի Էթիկայի հանձնաժողովը ևս հետաքննություն է սկսել՝ վճռելու համար, թե արդյոք Էդուարդ Կոնյե պետք է պաշտոնաթող լինի այն բանի համար, որ ստել է Կոնգրեսի նիստի ժամանակ՝ ժխտելով իր բանկային հաշիվների գոյությունը արտերկրում: Սակայն Շվեյցարիայի դատախազությունը հայտնել է, որ երկրում նրա անվամբ բանկային հաշվեհամարներ են հայտնաբերվել:
Ըստ դատախազության հաղորդման 2006-ից 2012 թվականների ընթացքում Կոնյեն 5 միլիոն դոլարի չափով կաշառք է վերցրել՝ կապված Petrobras ընկորության երկու հորատման նավերի կառուցման հետ: Ինչպես հայտնի է Բրազիլիայում լայնածավալ և համալիր հետաքնություն է անցկացվում նավթային Petrobras ընկերությունում ծագած կոռուպցիոն սկանդալի առնչությամբ:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը