Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանը, ով մեղադրվում է 1500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու մեջ, այսօր նույն դատարանում հայտարարեց, որ նախաքննության մարմնի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը կեղծ է և շինծու. «Այս ամենը տուժողի` ամբաստանյալ Գարիկ Եսայանի մոր զրպարտանքի արդյունքն է, քանի որ ամբաստանյալին դատարանի դահլիճում կալանավորեցին»:
Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության՝ Արմինե Կարապետյանը նույն դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից, 2014թ.-ին պահանջել է 1500 ԱՄՆ դոլար, սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով: Վերոնշյալ գործով դատախազը՝ Ավետիս Ափիյանը, ամբաստանյալի՝ Գարիկ Եսայանի հանդեպ որպես պատիժ միջնորդել է նշանակել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, սակայն դատարանը՝ Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ վճռել է 2 տարվա ազատազրկման դատապարտել Եսայանին: Դատավճռի հրապարակումից հետո Ալինա Հովհաննիսյանը գոռացել է. «Կաշառքը չտվի, դրա համար դատեցիք էրեխուս»:
Այսօր Արմինե Կարապետյանը դատարանում պնդեց, որ Ալինա Հովհաննիսյանին չի ճանաչել, նրա հետ առնչվել է միայն քրեական գործի շրջանակներում` դատավոր Վլադիմիր Գրիգորյանի հանձնարարականներով:
«Ես չգիտեմ` էտ 1500 դոլար հայտարարությունը դատախազը որտեղից է գտել, նման դեպք չի եղել»,- նշեց նա իր ցուցմունքում:
Ամբաստանյալն իր ցուցմունքում մեղադրեց Ալինա Հովհաննիսյանի որդու քրեական գործով ներգրավված դատախազ Ավետիս Ափիյանին. «Գործի նախաքննության նկատմամբ դատավարական հետազոտություն իրականացնող դատախազ Ավետիս Ափիյանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, ամբաստանյալին երաշխավորել էր, որ ինքը տուգանք է միջնորդելու և դատավորն էլ ուզած-չուզած բավարարելու է իր միջնորդությունը»,- նշեց ն:
Արմինե Կարապետյանը պնդեց, որ Ալինա Հովհաննիսյանի որդու նախաքննության ընթացքում որոշ անձիք նրանից կաշառք են ուզել` սկզբում 2000, ապա 5000 ԱՄՆ դոլարի չափով, որպեսզի նրա որդու հարցերը դատարանում կարգավորեն. «Ալինան ինձ ասաց, որ իր ծանոթը` ոստիկանության համակարգի աշխատող է, երկրորդ անգամ 5000 ԱՄՆ դոլար են ուզում, նորից հորդորեցի նրան, որ գումար չտա, կխաբեն իրեն: Ես այդ մասին հայտնեցի դատավորին, դատավորը բարկացավ` ասելով` քանի որ դատախազությունը խոստումների երաշխիքներ է տվել ամբաստանյալի մորը, դրա համար էլ որոշ մարդիկ փորձում են փող աշխատել: Դատավորը նաև ինձ հորդորեց ամբաստանյալի մորը կրկին նախազգուշացնել, որ որևէ մեկի հետ կապ չունենա»:
Այնուհետև Արմինե Կարապետյանն անդրադարձավ դատավճռի հրապարակման օրը` դատավոր Վլադիմիր Գրիգորյանի աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպին, նա պատմեց. «Երբ դատավորը մտավ աշխատասենյակ, և խնդրեց, որ գրություն պատրաստեմ, աշխատասենյակ ներս խուժեց դատախազ Ավետիս Ափիյանը` կարմրած, քրտնած, լարված վիճակում, կանգնեց Գրիգորյանի դիմաց ու ասաց. «Վճիռը փոխեք, էս գործով ԿԳԲ-ն ձայնագրություն ունի», դատավորը ջղայնացավ նրա վրա, ասաց. «Ի՞նչ իրավունքով ես մտել սահմանափակ գոտի, ես ոչ մի ձայնագրությունից չեմ վախենում», ու կարգադրիչներին հրահանգեց դատախազին դուրս հանել իր աշխատասենյակից: Տվյալ գործով մեղադրող Ափիյանի շահագրգռվածությունն այնքան ակնհայտ էր, որ նա գիշերը չէր քնել, ջանասիրաբար նստել ու վերաքննիչ բողոք էր գրել, որ հաջորդ օրը ներկայացնի»:
Նա հավելեց, որ Վլադիմիր Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետերով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով) մշտապես ազատազրկում է սահմանել, ըստ դատավորի նախկին օգնականի` ազատազրկման միջնորդություններ են նաև ներկայացրել մեղադրող դատախազները, բոլորը բացի Ավետիս Ափիյանից: Այս հանգամանքը Արմինեն ներկայացրեց որպես իրեն արդարացնող փաստ. «Նախաքննության մարմինն ինձ մեղադրում է խաբեությամբ գումար կաշառք վերցնելու փորձ անելու մեջ, ես ինչպե՞ս կարող էի նման քայլի գնալ` իմանալով, որ իր ողջ գործունեության ընթացքում դատավորը ազատազրկման դատավճիռ է իրականացնել այս գործերով: Նախաքննական մարմինը դատավորի հետ իմ կոնտակտի քննության արդյունքում բացառել է, որ ես կարող էի դատավորի հետ նման կոնտակտի գալ ու կաշառքի մասով համաձայնության գալ»:
Ամբաստանյալը, հիմք ընդունելով գործին կցված հեռախոսազրույցները, նշեց, որ Ալինա Հովհաննիսյանն իր որդու քրեական գործով նախաքննության ընթացքում դատախազ Ավետիս Ափիյանի հետ մի քանի տասնյակ հեռախոսազանգեր է ունեցել, ընդ որում` դրանցից որոշները գիշերային ժամերին, ամբաստանյալը նաև պնդեց. «Ակնհայտ է, որ դատախազը շահագրգռվածություն է ունեցել նշյալ գործով, ինչը հարիր չէ դատախազի կերպարին: Ալինան մի քանի անգամ գնացել է ՀՔԾ ու ասել, որ ոչ մի բողոք չունի, սակայն դատախազը դրդել է նրան ի վերջո գնալ ու իմ դեմ ցուցմունք տալ: Այս ամենը կոծկելու, բացի այդ ամբաստանյալի մոր հետ իր մտերմիկ հարաբերությունները քողարկելու համար դրդել են դատարանի դեմ ցուցմունք տալ»: Բացի այդ, ամբաստանյալը կարծում է, որ դատախազ Ափիյանը, ինչպես նաև դատախազության համակարգի այլ աշխատակիցներ լարված հարաբերություններ ունեն դատավոր Գրիգորյանի հետ. «Դատարանի միջնորդում եմ քրեական գործում եղած գաղտնալսման սկավառակը` դատախազ Ավետիս Ափիյանի և Ալինա Հովհաննիսյանի, նրա մոր հետ ակտիվ քննարկումները ուղարկել դատախազություն` քրեական գործ հարուցելու համար»,- նշեց Արմինե Կարապետյանը` վերջում խնդրելով իր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
Գևորգ Թոսունյան