Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Տուժողը դժգոհել է, որ չի կարող 1500 դոլար կաշառքը տալ ու ստիպված է դիմել դատախազություն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանը, ով մեղադրվում է 1500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու մեջ, պարտաճանաչ աշխատող է, նվիրումով կատարել է պարտականությունները, համեստ է ու ազնիվ: Այսօր այս կաշառքի գործով հերթական նիստին նույն դատարանում Արմինե Կարապետյանի փաստաբանը նման բնութագիր հրապարակեց դատարանում:

Դատախազը հետաքրքրվեց, թե ո՞ւմ կողմից է տրված բնութագիր. «Դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից է ստորագրված՝ նախագահի ժամանակավոր արձակուրդի ժամանակ»,- նշեց փաստաբանը՝ առանց անուն տալու. «Անուն-ազգանում կասե՞ք»,- հավելեց մեղադրողը. «Այո, Արտուշ Գաբրիելյան»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ նույն դատավորի նախագահությամբ էլ ընթանում է այս դատաքննությունը:

Ամբաստանյալի իրավունքների պաշտպանը այսօրվա նիստին նաև կասկածի տակ դրեց գործի նախաքննությունը իրականացրած քննիչի աշխատանքը, նա շեշտեց, որ քննիչը վերծանել է ու որպես ապացույց է դիտարկել միայն այն հեռախոսային զրույցները, որոնք ի վնաս Արմինե Կարապետյանի են. «Քննիչը միակողմանի քննություն կատարելով՝ ըստ էության վերարտադրել է մի քանի հեռախոսազրույցներ, սակայն դրա հետ մեկտեղ սկավառակում առկա են նաև ամբաստանյալին արդարացնող ձայնագրություններ, որը քննիչը չի վերլուծել, քննիչը մեղադրական ուղղվածությամբ աշխատանք է իրականացրել»,- հայտարարեց փաստաբանը՝ միջնորդելով նաև հետազոտել ամբաստանյալին արդարացնող ձայնագրությունները:

Դատախազը դեմ էր միջնորդությանը, նրա հետ համաձայն էր տուժողի ներկայացուցիչը, սակայն դատարանը բավարարեց այն:

Այսօր դատարանում հետազոտված հեռախոսային խոսակցություններից մեկում տուժողը՝ Ալինա Հովհաննիսյանը զրուցելով վկաներից մեկի հետ ասել է, որ իրենից փող են ուզել, ինքը ի վիճակի չէ գումար տալ, ուստի ստիպված պետք է գնա ու ցուցմունք տա այդ մասին:

Գ.Թ.

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել