Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հունվարի 22-ին տեղի ունեցավ կաշառքի գործով նիստը: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նույն դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնական Արմինե Կարապետյանին՝ 1500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար: Նիստը նախագահում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Այսօր գործով որպես վկա հարցաքննության էր եկել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ավետիս Ափիյանը:
Ամբաստանյալի փաստաբանը հետքրքրվեց, թե տուժող Ալինա Հովհաննիսյանը երբևէ հայտարարել է կաշառքի մասին, դատախազը պատասխանեց. «Ինձ ասաց 1500 դոլարի մասին, այս միջանցքում էր, թե որտեղ՝ չեմ հիշում, որովհետև խառը վիճակ էր, հասնում էին Քալաշյանին ուզում էին քացու տաք քցել: Որ դուրս եկա, գիտեի 1500 դոլարի մասին ու զարմացա»:
Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության, Արմինե Կարապետյանին նույն դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից, 2014թ.-ին պահանջել է 1500 ԱՄՆ դոլար, սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով:
Վերոնշյալ գործով նույն դատախազը՝ Ավետիս Ափիյանը, ամբաստանյալի՝ Գարիկ Եսայանի հանդեպ որպես պատիժ միջնորդել է նշանակել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, սակայն դատարանը՝ Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ վճռել է 2 տարվա ազատազրկման դատապարտել Եսայանին: Դատավճռի հրապարակումից հետո Ալինա Հովհաննիսյանը գոռացել է. «Կաշառքը չտվի, դրա համար դատեցիք էրեխուս»:
Այսօր ամբաստանյալի պաշտպանը նաև հարցրեց, թե ինչպիսի փոխհարաբերություններ ունի Ավետիս Ափիյանը դատավոր Վլադիմիր Գրիգորյանի հետ, հետաքրքրվեց՝ արդյոք այս դատավորի վարույթում քննվող քրեական գործերով եղել են արդարացումներ, երբ հենց Ափիյանն էր մեղադրանքի կողմը, դատախազը պատասխանեց, որ հարաբերությունները «նորմալ բնույթի» էին, ավելացրեց՝ անգամ կարճման որոշում էլ է եղել, այնուհետև բարկացավ՝ ասելով, թե այդ հարցերը կապ չունեն գործի հետ: Դատավորը խնդրեց որակումներ չանել, այնուհետև շարունակեց. «Թազա Քրեական դատավարության օրենսգիրքը, որ դուրս գա, այ շատ գեղեցիկ մեկնաբանությունների գիրք կարող ես կազմել: Միանգամից պատասխանի՝ այո կամ ոչ:
Այնուհետև փաստաբանն ասաց, որ Վլադիմիր Գրիգորյանի աշխատած գործունեության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) երկրորդ մասով բոլոր գործերով պարտադիր ազատազրկման ձևով պատիժներ են կիրառվել, նա հիշեցրեց վկայի ցուցմունքից հատված, որտեղ դատախազը պնդել էր, թե նման պրակտիկա չկա, խնդրեց մեկնաբանել. «Ես նրա ակտերի հետ կապված բան չունեմ ասելու, իմ միջնորդությունների մասով դատավորների կայացրած վճիռների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, պրակտիկան այդպես է»,- պատասխանեց դատախազը:
Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ անդադար վեճեր էին ծագում փաստաբանի և դատախազ Ափիյանի, ինչպես նաև նույն դատախազի ու դատավորի միջև:
Յուրաքանչյուր հարցի բովանդակությունը քննարկման առարկա էր դառնում, դատախազը շեշտում էր, որ կոռեկտ հարցեր չի տալիս փաստաբանը, վերջինս վիրավորվում որակումներից, իսկ դատավորը զայրանում էր Ափիյանի վրա՝ հորդորելով հստակ պատասխանել, ոչ թե մեկնաբանություններ անել: Ողջ դատական նիստն ընթանում էր դատավորի հորդորներով ու բռնկումներով. «Կոռեկ հարց տալը ո՞րն է,- զայրանում էր նա,- դե մի հատ կոռեկտ հարց տվեք ինձ, հասկանամ ի՞նչ է դա» կամ էլ Արտուշ Գաբրիելյանը դիմում էր դատախազին. «Այ ընգեր ջան, այ ցավդ տանեմ, այ հորդ ղուրբան, ի՞նչ եք ուզում ինձնից, կարճ, հստակ պատասխանեք», վերջում դատավորը բարկացավ ու հայտարարեց, որ նիստը հետաձգվում է:
Լուսանկարում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանը
Գ.Թ.