Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավորի օգնականն ամբաստանյալ է, դատավորը՝ գործով վկա

Դատավորի օգնականի խոշոր չափերով խարդախության փորձի գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն ավարտվեց՝ պաշտպանական կողմից միջնորդությունները ներկայացվելուց հետո:

Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, Արմինե Կարապետյանը եղել է նույն դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնականը: Խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նույն դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից, 07.05.2014թ պահանջել է 1500 ԱՄՆ դոլար: Սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով:

Արմինե Կարապետյանը փորձել է խաբեությամբ եղանակով Ա. Հովհաննիսյանից հափշտակել 619935 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով :

Այս գործով երկրորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը 2 միջնորդություն ներկայացրեց դատարանին: Առաջին միջնորդությամբ նա խնդրում էր դատարանին որպես վկա դատակոչել Գրիգոր Քաշալյանին և Հովհաննես Դավթյանին, քանի որ որ նրանց ցուցմունքները կնպաստեն գործի օբյեկտիվ քննությանը:

Իսկ երկրորդ միջնորդությամբ խնդրում էր գործին կցել որոշակի ապացույցներ, որոնք բխում են իր պաշտպանյալի շահերից: Մասնավորապես, խոսքը Ալինա Հարությունյանի, վկա Նոնա Բարսեղյանի, դատախազ Ավետիս Ափյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների, կարճ հաղորդագրությունների մասին է:

Մեղադրողներ Մ.Հարությունյանը և Հ.Հակոբյանը առարկեցին Հովհաննես Դավթյանին որպես վկադատակոչելու և հարցաքննելու դեմ, սակայն դատարանը բավարարեց միջնորդությունը: Իսկ երկրորդ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար մեղադրղները ժամանակ խնդրեցին դատարանից՝ միջնորդելով հետաձգել նիստը:

Մեղադրողների միջնորդության դեմ առարկեց պաշտպանը՝ հայտնելով, թե անիմաստ ժամանակի կորուստ է նիստի հետաձգումը: Դատարանը սակայն բավարարեց միջնորդությունը և նիստը նշանակեց մեկ այլ հերթի՝ նոյեմբերի 3-ին, ժամը 14-ին:

Ի դեպ, նշենք, որ այս գործը դատարան ուղարկցելուց հետո մակագրված է եղել հենց այն նույն դատավորին՝ Վլադիմիր Գրիգորյանին, ում օգնականը եղել է Արմինե Կարապետյանը: Սակայն դատական կազմը փոխվել է՝ հիմք ընդունելով Վլադիմիր Գրիգորյանի՝ գործով վկա անցնելու մասին զեկուցագիրը:

Արմինե Կարապետյանին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանցագործություն՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Եվ որքան էլ տարօրինակ է մեր դատական պրակտիկայի դեպքում, ամբաստանյալի հանդեպ խափանման որևէ միջոց կիրառված չէ:

Արփինե Հախվերդյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել