Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Վրեժխնդիր են լինում դատարանից». ամբաստանյալի պաշտպանական ճառը

«Այս աբսուրդ մեղադրանքը շինծու է»,- իր պաշտպանական ճառում այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարում էր կաշառքի գործով ամբաստանյալ, դատավորի նախկին օգնական Արմինե Կարապետյանը:

«Նախաքննական մարմինը միակողմանի քննություն է իրականացնել: Այս ամենի կազմակերպիչը դատախազ Ավետիս Ափյանն է: Այդ փաստը հաստատվում է նաև վերծանված հեռախոսային զրույցները»,- պաշտպանական ճառում ասաց ամբաստանյալը:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության՝ Արմինե Կարապետյանը նույն դատարանի վարույթում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի կողմից քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից, 2014թ.-ին պահանջել է 1500 ԱՄՆ դոլար, սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով: Վերոնշյալ գործով դատախազը՝ Ավետիս Ափյանը, ամբաստանյալի՝ Գարիկ Եսայանի հանդեպ որպես պատիժ միջնորդել է նշանակել տուգանք՝ 500 հազար դրամի չափով, սակայն դատարանը՝ Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ վճռել է 2 տարվա ազատազրկման դատապարտել Եսայանին: Դատավճռի հրապարակումից հետո Ալինա Հովհաննիսյանը գոռացել է. «Կաշառքը չտվի, դրա համար դատեցիք էրեխուս»:

Արմինե Կարապետյանի համոզմամբ՝ այս ամենը վրեժխնդրության արդյունք է. «Դատավոր Գրիգորյանը բազմիցս՝ հիմնականում Ափյանի, նաև այլ մեղադրողների գործերով կայացրել է արդարացնող դատավճիռներ, կարճել է քրեական գործերի վարույթը և այլն: Մեղադրողը գտավ, որ ինձ առաջադրած մեղադրանքը հիմնավոր է՝ խարդախության հոդվածի առավելագույն սահմաններում: Ես այլ բան չէի ակնկալում դատախազից»,- նշեց ամբաստանյալը՝ հավելելով, որ սույն գործով դատախազը շարունակում է իր խոսքերով՝ «համակարգին պատիվ չբերող դատախազ Ափյանի հակաբարոյական քայլերը», այս արտահայտությունը հունից հանեց դատախազին, նա դատարանին խնդրեց միջամտել, դատավորն ասաց, որ վիրավորանքներ չեն հնչել, իսկ ամբաստանյալը խնդրեց դատախազին իրեն չընդհատել ու շարունակեց. «Եթե Ալինա Հովհաննիսյանի որդին՝ Գարիկ Եսայանը խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով տուժողից վերցրել էր առանձնապես խոշոր չափերի 19 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 18 կտոր ոսկյա զարդեր, հափշտակել դրանք ու դիմել փախուստի, նրան առաջադրված մեղադրանքով մեղադրող կողմը որպես պատիժ միջնորդեց տուգանք 500 հազար ՀՀ դրամի չափով, ապա ինձ՝ որ շինծու մեղադրանք է առաջադրվել, այն էլ խարդախության փորձի համար ու մեկ անձի հակասական ցուցմունքի հիման վրա, մեղադրանք է պաշտպանում ու որպես պատիժ միջնորդում է 3 տարի ազատազրկում»,- շեշտեց Արմինեն:

Բացի այդ, նա նաև դատարանին միջնորդեց դատախազ Ավետիս Ափյանի, Ալինա Հովհաննիսյանի ու վերջինիս ընկերուհու միջև եղած թվով 65 հեռախոսազրույցները՝ նաև գիշերային ժամերին, ուղարկել ԱԱԾ և ՀՔԾ:

Վերջում նա դատարանին խնդրեց իր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել