Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Կաշառքը չտվի, դրա համար դատեցիք էրեխուս». դատավորի օգնականի գործով տուժողի ցուցմունքը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նույն դատարանի  դատավորի նախկին օգնական գործով դատավարությունը: Այսօր դատարանում հարցաքննվեց տուժող Ալինա Հովհաննիսյանը:

Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, Արմինե Կարապետյանը եղել է նույն դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնականը: Խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, նույն դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար դատավորին կաշառք տալու պատրվակով` խաբեությամբ ամբաստանյալի մորից` Ալինա Հովհաննիսյանից, 07.05.2014թ պահանջել է 1500 ԱՄՆ դոլար: Սակայն Ալինա Հովհաննիսյանը որևէ գումար չի տվել` պահանջված չափով գումար չունենալու պատճառով: Արմինե Կարապետյանը փորձել է խաբեությամբ եղանակով Ա. Հովհաննիսյանից հափշտակել 619935 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով :

Տուժողը այսօրվա դատական նիստի ժամանակ պատմեց, որ դատական առաջին նիստից հետո (որդին դատապարտվել խարդախությամբ 1433000 դրամի ոսկեղեն հափշտակելու համար և գործը քննել է նույն դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ) դատավորի օգնական Արմինե Կարապետյանն իրեն առաջարկել է որդու համար փաստաբան ընտրել Գրիգոր Քալաշյանին և կաշառք տալ, որ «էրէխեն չդատվի»: Նրա խոսքով, Արմինեն պարբերաբար զանգել է իրեն, կանչել է դատարան, հարցրել թե «փողից» ինչ կա: Ինքը պատասխանել է, որ պիտի մի քանի օր սպասի, որովհետև չի կարողանում գումարի հարց լուծել: Եվ այդպես մինչև գործի քննության ավարտը այդպես էլ չի կարողացել «գումարի հարց լուծել»:

Տուժողը պատմեց, որ իրենից կաշառք վերցնելու մասին շատերն են իմացել՝ հարևաններն ու բարեկամները: Իսկ հարցին, թե ինչու է նրանց պատմել, պատասխանեց. «Չեմ պատմել, գումար եմ ուզել, ասել եմ, որ ինձնից կաշառք են ուզում, որ էրեխես չդատվի»: Նա միևնույն ժամանակ հայտնեց, որ Արմինե Կարապետյանը զգուշացրել է, որ գումար վերցնելու մասին խոսկացությունը ոչ ոք չպիտի իմանա:

Դատախազ Ավետիս Ափիյանը Գարիկ Եսայանի հանդեպ որպես պատիժ միջնորդել է 500 հազար դրամի տուգանք նշանակել, իսկ ահա դատարանը վճռել է 2 տարվա ազատազրկման դատապարտել: Դատավճռի հրապարակումից հետո կինը գոռացել է. «Կաշառքը չտվի, դրա համար դատեցիք էրեխուս»: Այնուհետև զայրացած գնացել է դատախազ Ափիյանի մոտ, որ հասկանա, թե ինչու՞ է ինքը մեղմ պատիժ միջնորդել, իսկ դատարանը՝ խիստ:

Արմինե Կարապետյանի կողմից կաշառք պահանջելու մասին բացատրություն տուժողը տվել է դատավճռի հրապարակվելուց 2.5 ամիս հետո: Տուժողն այս հանգամանքը բացատրեց նրանով, թե Քալաշյանի հետ մտերիմ փաստաբան ոմն Լիաննա իրեն համոզել է, որ Արմինեի դեմ ոչինչ չասի, համոզել է նույնիսկ սուտ ասել, խոստանալով, թե որդու համար լավ կլինի: Սակայն երբ քննիչն ասել է, թե իր սուտ խոսելն իր դեմ է օգտագործվելու ու դատավճռի հրապարակման ձայնագրությունը, որտեղ լսվում է իր արտահայտությունները, նորից վերհիշել է այդ ամենը. «Ասեցի՞ ում եմ պաշտպանում, էդ խարդախին»: Ու պատմել է ամեն ինչ:

Այս արտահայտության ժամանակ ամբաստնյալ Արմինե Կարապետյանը հունից դուրս եկավ. «Տո դու ինձ քեզ հետ մի համեմատի, խարդախ»: Ի պատասխան, տուժողն ասաց. «Դու կաշառք վերցնող ես, Արմինե»:

Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 17-ին:

Լուսանկարում՝ Վլադիմիր Գրիգորյանն է, ում օգնականն է եղել ամբաստնյալը: Այս գործով դատավորը վկա է անցնում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել