ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, 2012թ. ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով մշակվել է «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» ծրագիրը և ներկայացվել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ, որն իրականացնելու համար ստացել են դրամաշնորհ, որից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ Եվրոպական միության պատվիրակությանը որպես տուժող ճանաչելու մասին, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։