ՀՀ պաշտպանության նախարարությունը փետրվարի 10-ին պայմանագիր է կնքել «ԻՍՍ Լոգիստիկա» ընկերության հետ՝ հուշանվերներ ձեռքբերելու նպատակով: Պայմանագրի շրջանակներում գնվել է 0.7 լիտրանոց և 7 տարվա հնեցման 300 շիշ կոնյակ՝ ընդհանուր 3 միլիոն դրամ արժողությամբ, 0.7 լիտրանոց և 10 տարի հնեցման 30 շիշ կոնյակ՝ ընդհանուր 540 հազար դրամի, 0.7 լիտրանոց և 20 տարի հնեցման 90 շիշ կոնյակ՝ 4.05 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ:
Գնվել է նաև 300 հատ բնական ոչ թանկարժեք քարով հուշանվեր՝ 6 միլիոն դրամ արժողությամբ, 587 հատ փայտե հուշանվեր՝ 5.87 միլիոն դրամի արժողությամբ, և 30 հատ արծաթե բաժակ՝ 9 միլիոն դրամ արժողությամբ (այսինքն՝ յուրքանչյուրի արժեքը 300 հազար դրամ):
Ընդհանուր պայմանագրի արժեքը կազմել է 28 միլիոն 460 հազար դրամ կամ շուրջ 58 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք, որ առուվաճառքի պայմանագրի վերջնաժամկետը 2016-ի դեկտեմբերի 20-ն է: Գնումը կատարվել է պետական բյուջեի միջոցներից: Գնման վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ գնման առարկայի ձեռքբերման համար ֆինանսական միջոցները ներառված են ՀՀ կառավարության 24.12.15թ. թիվ 1555-Ն որոշման մեջ: