Էդմոն Մարուքյանը՝ վարչապետին. 750 հազար դոլար է ստացել Կոռուպցիայի դեմ պայաքարի խորհուրդը ու որևէ էական քայլ չենք տեսնում

Արդեն մեկ տարի է, ինչ կառավարությունում ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդը: Այսօր ԱԺ-ում, կառավարությանը հարց ուղղելով, ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նա նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը 19 էջից բաղկացած հաշվետվություն է հրապարակել. «Բոլորին է հայտնի, որ հանձնաժողովը կոռուպցիայի դեմ կատաղի պայքար է մեղել, բայց տեսեք այստեղ ի՞նչ է գրված՝ որևէ էական բան չկա: Այսպես՝ էլեկտրոնային համակարգի ներդնում, լիցենզավորման գործընթացի պարզեցում, բարեխղճության, բարեվարքության դասընթացներ դպրոցականների, աշակերտների, ՀԿ-ների համար, որպեսզի նրանք հետագայում հակակոռուպցիոն մոնիթորինգ անեն: Այլևս բան չկա: Պարոն վարչապետ, մեկ տարի է, հանձնաժողովը ստեղծվել է, 750 հազար դոլար գումար է ստացվել USAID-ից ու ըստ էության որևէ էական քայլ մենք չենք տեսնում»,- նշեց պատգամավորը:

Պատասխանեց Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը: Նախ նա հորդորեց պատգամավորին հեգնանքը, թերահավատությունը, ի սկզբանե անվստահություն ներշնչող որոշակի ձևակերպումները մի կողմ դնել՝ հավելելով, որ խորհուրդը ռազմավարությունը նոր է մշակել, ծրագրերը քննարկվում են և նոր պետք է աշխատի. «Այս պահին, իրականում, մենք բավականին լուրջ քայլեր ենք իրականացնում: Մի օրինակ բերեմ, խոսքը վերաբերում է ՎԻՎ օրենքում և Հանրային ծառայությունների մասին օրենքում կատարվող փոփոխություններին: Մասնավորապես հարցադրումներ են հնչեցվել, որ պաշտոնատար անձիք ներկայացնում են ոչ ճիշտ կամ կեղծ տվյալներ, մենք ներկայացրել ենք նախագիծ, նախատեսել ենք վարչական պատասխանատվություն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նախատեսվում է նաև քրեաիրավական պատասխանատվության անհրաժեշտության քննարկումը:

Ինչ վերաբերում է 750 հազար ԱՄՆ դոլարին, ապա նախարարը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ այն կառավարությանը չի փոխանցվել, իսկ տանալուց հետո այն ուղղվելու է անկախ փորձագետների ներգրավվմանը, այսինքն՝ նրանց աշխատավարձին:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ