«Բարսելոնա» ակումբի աստղ Նեյմարը փետրվարի 2-ին ներկայացել է Իսպանիայի ազգային դատարան՝ ցուցմունք տալու 2013 թ. «Սանտոս»-ից իր տրանսֆերի մասին մութ գործով:
Նեյմարի հայրը նույնպես կանչվել էր դատարան՝ ցուցմունք տալու՝ ի պատասխան բրազիլական «DIS» ներդրումային հիմնադրամի կողմից ներկայացված բողոքի` խարդախության և կոռուպցիայի մասին: Նշենք, որ հիմնադրամին էր պատկանում Նեյմարի մարզական իրավունքների 40%-ը, երբ նա խաղում էր «Սանտոս»-ում:
«DIS»-ը հայտարարել է, որ իրենց խաբեությամբ զրկել են ֆուտբոլիստի բազմամիլիոնանոց տրանսֆերից հիմնադրամին բաժին հասնող իրական հասույթից, քանի որ գումարի մի մասը թաքցվել է «Բարսելոնա»-ի և «Սանտոս»-ի կողմից:
«Բարսելոնա»-ի ներկայիս և նախորդ նախագահները նույնպես կանչվել էին դատարան, սակայն նրանք հրաժարվել էին ցուցմունք տալ՝ պնդելով նախորդ դատական լսումների ժամանակ իրենց տված ցուցմունքները:
Տրանսֆերային գործարքն ի սկզբանե «Բարսա»-ի կողմից գնահատված է եղել 57,1 միլիոն եվրո (62,2 միլիոն դոլար), որից 40 միլիոնը վճարվել է Նեյմարի հորը պատկանող «N&N» ընկերությանը, իսկ «Սանտոս»-ն արդյունքում ստացել է ընդամենը 17,1 միլիոն:
Սակայն, իսպանական դատական մարմինները հաշվարկների արդյունքում պարզել են, որ տրանսֆերի համաժամանակյա բոլոր գործարքների գումարը հասել է առնվազն 83,3 միլիոնի:
Ցուցմունքը լսելուց հետո դատավորը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է գործին ընթացք տալ և մեղադրանքներ ներկայացնել:
Պատրաստեց Հայկուհի Ալավերդյանը