Հայաստանը նահանջ արձանագրեց Թրանսփարենսի ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակած կոռուպցիայի ընկալման 2015թ. համաթվի ինդեքսում: Մեր երկիրը գտնվում է 95-րդ հորիզոնականում, նախորդ տարի մեր երկիրը 94-րդ հորիզոնականում էր, վերջին ցուցանիշով, այսինքն՝ 2015թ.-ի համաթվով Հայաստանի գնահատականը 35 միավոր է, 2014-ին՝ 37:
Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը վերապահումով է մոտենում նմանաբնույթ սոցոլոգիական հետազոտություններին. «Նախ նման դեպքերում հարցված ոչ բոլոր քաղաքացիներն են ճշգրտորեն պատկերացնում՝ ինչ է կոռուպցիան, հաճախ նրանք տարբեր անձանցից լսելու եղանակով կամ այլ սուբյեկտիվ գործոնների արդյունքում են պատկերացում կազմում այս խնդրի մասին»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ինքն անձամբ փորձել է հասկանալ մարդկանց տրամաբանությունը. «Ես զրուցում էի մի քաղաքացու հետ, որը պնդում էր, որ դատական իշխանությունն ամբողջությամբ կոռումպացված է, նրան հարց տվեցի, թե երբևէ առնչվե՞լ է դատական իշխանության հետ, պարզվեց, որ ոչ մի առնչություն չի ունեցել, հետաքրքրվեցի, թե այս պարագայում ինչո՞ւ է պնդում, որ կոռումպացված է այս համակարգը, պատասխանեց, որ լսել է տարբեր մարդկանցից»:
Ինչ վերաբերում է համաթվին, ապա Մարատ Ատովմյանը նահանջը պայմանավորում է այն հանգամանքով, որ մեր երկրում արմատական փոփոխություններ չեն իրականացվել կոռուպցիայի դեմ պայքարում. «Բնականաբար արվում են որոշ քայլեր, սակայն ես դրանք չեմ համարում արմատական, որոնք անհրաժեշտ են որևէ լուրջ հաջողություն արձանագրելու համար: Իմ կարծիքով՝ եթե առկա բարեփոխումները համալիր և հիմնարար բնույթ չկրեն, մենք չենք ունենա որևէ դրական դինամիկա կոռուպցիայի նվազման տեսանկյունից»:
Պարոն Ատովմյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այդ արմատական փոփոխման աղբյուրը կարող է հանդիսանալ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ստեղծվեց 2015թ.-ին և սպասվում է, որ ակտիվ կաշխատի այս տարի, նա ասաց. «Ես ի սկզբանե պնդել եմ՝ Հայաստանում վաղուց է հասունացել ժամանակը պրոֆեսիոնալ անկախ մարմին ստեղծելու համար, որը կզբաղվի կոռուպցիայի դեմ պայքարի զանազան ուղղություններով: Բառացիորեն մի քանի օր առաջ ստեղծվել են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք պետք է քննարկեն համանման մարմին ստեղծելու և ապօրինի հարստացումը քրեականացնելու անհրաժեշտությունը: Այս աշխատանքների արդյունքում կարծիք կձևավորվի, թե Հայաստանի համար ո՞ր մոդելն ավելի արդյունավետ կլինի»,- նշեց մեր զրուցակիցը:
Մեր այն դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց արձանագրած որոշ երկրներում նման մարմիններն օժտված են լինում նաև քննչական գործառույթներով, փաստաբանն արձագանքեց. «Տարբեր մոդելներ կան, այո, կան մարմիններ, որոնք ունեն նաև քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու հնարավորութուն, կան երկրներ, որոնք չեն օժտել իրենց մարմիններին նման գործառույթներով: Բայց ոչ պակաս կարևոր են վերլուծական աշխատանքները, հակակոռուպցիոն կրթությունը, մոնիթորինգների իրականացումը, հանրության հետ ամենօրյա աշխատանքը, այսինքն՝ հակակոռուպցիոն քարոզչության իրականացումը: Սրանք նույնպես կարևոր գործողություններ են, որոնք մեզ մոտ բաց են մնացել»,- շեշտեց Մարատ Ատովմյանը: