Ու՞մ է պատկանում Մարզահամերգային համալիրը

Իրավաբան.net-ը ավելի վաղ գրել էր, որ կառավարությունը 2015-ի ամռանը Մարզահամերգային համալիրը օտարել է նորաստեղծ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ» ՍՊԸ-ին, որի, ինչպես ավելի ուշ պարզեցինք, 100 տոկոս բաժնետերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյան է, ով ԱՄՆ Ալաբամայի նահանգի իրավապահների կողմից հետախուզվում է ֆինանսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով:

Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ, ի վերջո, հայտնի դարձավ նաև, որ առուվաճառքի պայմանագրի դրույթներն ուժի մեջ չեն մտել, քանի որ վճարում չի կատարվել: Մեր այն հարցին, թե ո՞վ է ներկայումս Մարզահամերգային համալիրի սեփականատերն ու արդյո՞ք կնքված առուվաճառքի պայմանագիրը չեղյալ է համարվել, կառավարության աշխատակազմից պատասխանել են.

«ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 935-Ա որոշման 3-րդ կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում վճարումները կատարելու դեպքում: Հաշվի առնելով այն, որ վճարումները չեն կատարվել, իսկ պայմանագիրն էլ ուժի մեջ չի մտել, ուստի գույքի սեփականատիրոջ փոփոխություն տեղի չի ունեցել: Ըստ այսմ, գույքի սեփականատեր շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունը:

Ինչ վերաբերում է պայմանագիրը չեղյալ համարելուն, ապա դրա անհրաժեշտությունը չկա՝ կրկին նկատի ունենալով Որոշման 3-րդ կետի պահանջը, որի համաձայն՝ պայմանագիրը կարող էր ուժի մեջ մտնել և կողմերի համար առաջացնել իրավունքներ և պարտականություններ միայն Որոշմամբ նախատեսված համապատասխան վճարումներն անելու դեպքում, ինչը տեղի չի ունեցել, այսինքն, պայմանագիրն իրավական ուժ չունի»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք կառավարության օգոստոսի 13-ի 935-Ա որոշման (այս որոշմամբ է գույքը օտարվել) մեջ փոփոխություններ նախատեսվում են, պատասխանել են. «2015թ. օգոստոսի 13-ի 935-Ա որոշման մեջ որևէ փոփոխություն կատարելու դեպքում այդ մասին կտեղեկացվի հանրությանը»:

Մարզահամերգային համալիրի օտարման վերաբերյալ ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ