ԱՄՆ կառավարությունն ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. Ռիչարդ Միլս

«Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ԱՄՆ արդարադատության  դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանը:
ՀՀ գլխավոր դատախազը ողջունելով կոռուպցիոն թեմայով արդյունավետ և կառուցողական հանդիպումների կազմակերպումը, նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եղել և մնում է դատախազության գործունեության առաջնահերթություններից: Գ. Կոստանյանը կարևորել է փորձի փոխանակումը, ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական առումով՝ հաշվի առնելով ՀՀ-ի և ԱՄՆ-ի օրենսդրությունների առանձնահատկությունները:
Հանդիպմանը քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ընթացակարգերին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը նշել է այն առաջնահերթությունները,  որոնք առավել նպատակահարմար կլինի քննարկել դատախազների և քննիչների մասնակցությամբ ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվելիք աշխատանքային քննարկմանը:
«Այնպիսի փորձագետների այցելությունները, ինչպիսիք են ԱՄՆ արդարադատության  դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, թույլ կտան մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես է հնարավոր համատեղ լուծումներ տալ այդ լրջագույն խնդրին»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռ. Միլսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է  երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Լուրեր

Իրադարձություններ