Զինվորական դատախազի գույքն ու եկամուտները

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը այս պաշտոնում նշանակվել է 2013 թվականի նոյեմբերի 6-ին: Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է, որ ունի հողամաս և BMW x5 մակնիշի մարդատար ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 16 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 300 եվրո: Եկամուտը ստացվել է միայն աշխատանքի դիմաց վարձատրությունից` 9,3 միլիոն դրամ:

2013 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրից հայտնի է դառնում, որ Ա. Հարությունյանը BMW x5 ամենագնացը ձեռք է բերել այս տարում և վճարել է 38 հազար դոլար: Տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 17 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 300 եվրո: Իսկ եկամուտները` 17,3 միլիոն դրամ, որից 11,4 միլիոն դրամը վերցված վարկն է եղել, իսկ մյուս մասը` աշխատանքի դիմաց վարձատրությունը:

2014-ին նրա դրամական միջոցները եղել են 17,5 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 500 եվրո: Իսկ եկամուտը կազմել է 8,6 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատանքի դիմաց վարձատրությունից:

Նրա դուստրը` Տաթևիկ Հարությունյանը, 2013-ին դրամական միջոցներ, գույք չի հայտարարագրել, իսկ աշխատավարձից գոյացած եկամուտը կազմել է 261 հազար դրամ: 2014-ին նույնպես, նա որևէ խնայողություններ և գույք չի ունեցել, իսկ աշխատանքի դիմաց վարձրատրությունից ստացված եկամուտը կազմել է 1,2 միլիոն դրամ:

Զինդատախազի կինը` Սուսաննա Մեհրաբյանը, 2013-ին հայտարարագրել է ավելի շատ դրամական միջոցներ, քան ամուսինը: Տարեսկզբին նա ունեցել է 19,5 միլիոն դրամ, 55 հազար դոլար և 5 հազար եվրո: Տարեվերջին եկամուտները ավելացած են եղել միայն 500 հազար դրամով: Այս տարի նրա եկամուտը կազմել է 1,4 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատանքի դիմաց վարձատրությունից:

2014-իննրա դրամական միջոցները փոք-ինչ նվազել են` դառնալով 19 միլիոն դրամ, 55 հազար դոլար և 4000 եվրո: Եկամտի չափն ու աղբյուրը չի փոխվել:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ