Հարցազրույց փաստաբան Արփինե Եղիկյանի հետ:
Ո՞րն էր 2015թ. կարևորագույն իրավական իրադարձությունը Ձեր կարծիքով:
Կառանձնացնեմ երկուսը` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների զանգվածային բնույթը և ՀՀ Սահմանադրության փոփոխությունները:
Առաջինը, անկախ իր արդյունքից, կարևորում եմ նրանով, որ կոնկրետ խնդրի հետ կապված բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամ եղան իրականացնել իրենց սահմանադրական մի շարք իրավունքներ, մասնավորապես` իրենց կարծիքն արտահայտելու, հավաքներ անցկացնելու, որպես սպառողներ` իրենց շահերի պաշտպանություն պահանջելու իրավունքները:
Երկրորդի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների կարևորությունն ակնհայտ է. երկրի հիմնական օրենքում կատարված լուրջ փոփոխությունները, բնականաբար, իրենց արտացոլումն են ունենալու բոլոր ոլորտներում:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016թ.-ից:
Փորձում եմ լավատես լինել. հուսով եմ դրական առաջընթաց կգրանցվի գոնե հասարակության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում:
Արդյո՞ք մեր երկում դրական տեղաշարժ է արձանագրվել արդարադատության տեսանկյունից:
Դրական տեղաշարժ կարող ենք արձանագրել, երբ առանձին դեպքում «շողացող» դրական երևույթները լինեն համընդհանուր: Օրինակ, եթե կարող ենք ասել, որ այս կամ այն դատարանի աշխատակազմն աշխատում է ճշտապահորեն, կամ այս կամ այն դատավորի կայացրած դատական ակտերը աչքի են ընկնում իրենց հիմնավորվածությամբ ու որակով, ապա նույնը չենք կարող ասել մի շարք այլ դատարանների աշխատակազմերի ու դատավորների կայացրած ակտերի մասին: Հետևաբար, առանձին դրական երևույթների առկայությունը, իմ կարծիքով, համակարգային դրական տեղաշարժ համարել չի կարելի:
Կոռուպցիան իրավական ոլորտում նվազե՞լ, թե՞ աճել է 2015թ.-ին:
Իրավական ոլորտում կոռուպցիայի նվազման կամ աճի վերաբերյալ գնահատական տալ չեմ կարող, քանի որ կոռուպցիայի որոշ դրսևորումներ իրենցից ներկայացնում են քրեորեն պատժելի արարքներ, իսկ դրանց աճի կամ նվազման մասին կարող է փաստել միայն համապատասխան վիճակագրությունը: Միայն կարող եմ ասել, որ, ինձ մոտ ձևավորված տպավորությամբ, օրըստօրե ավելի շատ քաղաքացիներ են ըմբոստանում կոռուպցիայի դեմ և ձեռնպահ մնում նման երևույթների մասնակից լինելուց:
Գո՞հ եք գործադիր և օրենսդիր մարմնի աշխատանքներից:
Գործադիր և օրենսդիր մարմինների աշխատանքներից գոհ կարող ենք լինել միայն այն պարագայում, երբ այդ աշխատանքների արդյունքը լինի երկրի կայուն զարգացումը: Առանձին ոլորտներում կարելի է խոսել զարգացման մասին, սակայն, ցավոք, այսօր մենք ունենք հաճախակի փոփոխվող և նաև դրա արդյունքում կայունություն չապահովող օրենսդրություն և դժգոհությունների առիթներ տվող գործադիր մարմիններ:
Ինչպե՞ս եք նշում Ամանորը:
Ինձ համար Ամանորը մնում է ընտանեկան տոն, առիթ` հանդիպելու հարազատ մարդկանց, ում տարվա ընթացքում, տարբեր պատճառներից ելնելով, քիչ ես հանդիպում: Ես Ամանորը նշում եմ ընտանիքիս, բարեկամներիս հետ` հարազատ ու ջերմ միջավայրում:
Եվ վերջում, Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը. մաղթում եմ խաղաղություն մեր երկրին ու հայ ընտանիքներում, առողջություն, կայունություն, նոր գաղափարներ ու հնարավորություններ` ի կատար ածելու այդ գաղափարները:
Գ.Թ.