2004-2013 թվականների ընթացքում Հայաստանից 9.83 միլիարդ դոլարի անօրինական ֆինանսական արտահոսք է եղել. այս մասին նշվում է Global Financial Integrity (GFI) միջազգային հետազոտական կազմակերպության այս տարվա զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ 2004-ին անօրինական ֆինանսական արտահոսքերը եղել են 403 միլիոն դոլարի չափով, այնուհետև տարեցտարի այդ հոսքերը ավելացել են: Մասնավորապես 2012-ին դրանք եղել են 1 միլիարդ 285 միլիոն, իսկ 2013-ին՝ 1 միլիարդ 848 միլիոն դոլար:
Հետազոտված 149 երկրներում Հայաստանը 70-րդ տեղում է: Անօրինական ֆինանսական արտահոսքերի թվով առաջատար երկրներն են Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք իրենց տնտեսությամբ և երկրի մեծությամբ ՀՀ-ի հետ համեմատվելու եզրեր չունեն:
Այս զեկույցում նշվում է, որ 2004-2013 թվականների ընթացքում անօրինական ֆինանսական արտահոսքերի հետևանքով զարգացող երկրների տնտեսությունները կորցրել են 7.8 տրիլլիոն դոլար. ամեն տարի կորուստները ավելացել են 6.5 տոկոսով. այսինքն, կորուստն ավելի մեծ արագությամբ է աճել, քան համաշխարհային ՀՆԱ-ն:
2013-ի ընթացքում զարգացող տնտեսություն ունեցող երկրներից 1.1 տրիլիոն դոլարի ապօրինի արտահոսք է եղել: Եվ այս արտահոսքերը եղել են հարկերից խուսափելու, հանցավորության, կոռուպցիայի և այլ անօրինական գործունեության հետևանքով:
Ինչպե՞ս են ֆինանսական միջոցները ապօրինի կերպով արտահոսում երկրից
Զեկույցի համաձայն՝ ֆինանսական ապօրինի արտահոսքերի 83.4 տոկոսը կատարվում է այսպես կոչված Trade Misinvoicing (առևտրի կեղծ ապրանքահաշիվ) կոչվող առևտրային մեխանիզմի միջոցով: GFI-ի բացատրությամբ՝ այս մեխանզիմը հետևյալն է. արտահանվող ապրանքի վերաբերյալ միտումնավոր սխալ տեղեկություն է տրվում մաքսային մարմնին: Ապրանքի գնի, որակի և քանակի վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով արագ և հեշտությամբ զգալի մեծ գումարներ են դուրս բերվում երկրից:
Հիմնական 4 պատճառ կա, երբ գործի է դրվում Trade Misinvoicing-ը.
1) Հանցագործները կամ պաշտոնյաները փորձում են կոռուպցիոն և հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտները օրինականացնել (փողերի լվացում),
2) Ապրանքի վերաբերյալ կեղծ տեղեկությունները հնարավորություն է տալիս ներմուծողին խուսափել հարկերից ու մաքսային տուրքերից,
3) Մի շարք երկրներում մեծ արտոնություններ են տրվում ապրանքներ և ծառայություններ արտահանողներին: Եվ հանցագործները կարող են չարաշահել տրված հարկային արտոնությունները՝ ցույց տալով, թե արտահանման ծավալները մեծացել են,
4) Զարգացող մի շարք երկրներում կան սահմանափակումներ կոնկրետ ապրանքների արտահանման կամ ներկրման ծավալների վերաբերյալ. Trade Misinvoicing-ի միջոցով տնտեսվարողները խուսափում են վերահսկողությունից՝ առավել մեծ եկամուտներ ապահովելով:
Ի դեպ, Հայաստանի դեպքում, Trade Misinvoicing մեխանիզմի միջոցով արտահոսած ապօրինի ֆինանսական միջոցների ծավալը կազմում է 8.72 միլիարդ դոլար: Այսինքն, Հայաստանի դեպքում ընդհանուր արտահոսքերի 89 տոկոսի դեպքում կիրառվել է հենց այս մեխանիզմը:
Ո՞ւր են գնում ապօրինաբար դուրս բերված փողերը
Մի երկրից դուրս եկած յուրաքանչյուր դոլարը հանգրվանում է մեկ այլ երկրում: Առավել հաճախ, ապօրինի ֆինանսական արտահոսքերը ուղղվում են դեպի այնպիսի զարգացած երկրների, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Միացյալ Թագավորությունը, բանկեր, կամ էլ ֆինանսական դրախտ համարվող Շվեյցարիա, բրիտանական Վիրջինյան կղզիներ կամ Սինգապուր: GFI հետազոտությունը ցույց է տալիս, որ ապօրինի ֆինանսական արտահոսքերի 45 տոկոսի վերջնակետը օֆշորային ֆինանսական կենտրոններն են, իսկ 55 տոկոսինը՝ զարգացած երկրները:
Եվ սա պատահաբար չէ ստացվում: Շատ երկրներ և դրանց կառույցները ակտիվորեն հեշտացնում են այս գործընթացը և գերշահույթներ ստանում՝ զարգացող երկրներից ապօրինաբար արտահոսվող փողերի շնորհիվ: GFI-ի դիրքորոշմամբ՝ զարգացած երկրները պատասխանտու են զարգացող երկրներից ֆինանսական միջոցների ապօրինի արտահոսքի համար:
Լուսանկարները՝ GFI-ի կայքից:
Ա.Կ.