Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը խորհուրդ չի տալիս ուրախանալ այն հանգամանքով, որ կոռուպցիայի ընկալման ցուցանիշներում մեր երկիրն ամենավատ երկրների ցանկում չի, նրա համոզմամբ` պետք է համեմատվել եվրոպական երկրների հետ. «Դժբախտաբար նախորդ տարիների ցուցանիշներով առաջընթացը լավագույն դեպքում աննշան է, իսկ վատագույն դեպքում` լճացման է ամեն ինչ գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարուժան Հոկտանյանը:
Ըստ նրա` կոռուպցիայի դեմ պայքարում մեր երկրում չկա այն թռիչքը, ինչը եղավ Վրաստանի դեպքում:
Որո՞նք են առավել կոռումպացված ոլորտները, Վարուժան Հոկտանյանի խոսքերով Հայաստանում այդպիսիք ընկալվում են դատարանները, պետական ծառայությունն ու առողջապահական ոլորտը. «2013թ.-ին կրթությունն էր ընկալվում` որպես առավել կոռումպացված, սակայն որոշակի առաջնթաց այս ոլորտում եղել է»,- ասաց պարոն Հոկտանյանը:
Որպես տարվա կարևորագույն իրադարձություն Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն առանձնացրեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծման հանգամանքը: Նա նաև ասաց. «Ամենակարևոր ձեռքբերումը այն էր, որ ի վերջո մենք կարողացանք դոնոր կազմակերպությունների և ՔՀԿ-ների հետ համատեղ պլատֆորմ ստեղծել, ինչը չենք ասի նախորդ տարվա մասին: Մասնավորեցնեմ, որ երկկողմանի պլատֆորմ է ստեղծվել քաղհասարակության հետ, մասնավորապես աշխատանքային խմբեր են ստեղծվել: Կոռուպցիան առաջին հերթին վնասում է տնտեսությանը: Մենք մի շարք միջոցառումներ ենք սկսել այս ուղղությամբ, բիզնես ներկայացուցիչներին փորձում ենք ներգրավվել գործընթացում, լսել նրանց»,- ասաց պարոն Քրմոյանը:
Նախարարի տեղակալը շեշտեց, որ ամենակարևորն է, որ հասարակությունը մասնակցություն ունենա կոռուպցիայի դեմ պայքարում ու անհանդուրժողականություն դրսևորի այս արատի դեմ: