Կալիֆորնիայի Սան Բերնադրինո քաղաքում զանգվածային սպանություն կատարողներից մեկը 27-ամյա մուսուլման կին Թաշֆին Մալիկն է, մյուսը՝ նրա ամուսինը՝ Սայիդ Ֆարուկը: Նրանց արձակած կրակոցների հետևանքով 14 հոգի է զոհվել: Եվ նրանք էլ սպանվել են ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Առաջին անգամ հրապարակվել է Թաշֆինի լուսանկարը. նա ինչ-որ գործակալության տնօրեն է եղել և չի եղել որևէ կասկած, թե նա և ամուսինը կարող էին ահաբեկչական որևէ ցանցում ներգրավված լինել:
Այս զույգի փաստաբանները պատմել են, որ Թաշֆինը մշտապես փարանջա է կրել և չի շփվել ընտանիքի տղամարդկանց հետ, և նրանք էլ երբեք չեն տեսել այդ կնոջ դեմքը:
Ուրբաթ երեկոյան կազմակերպված ասուլիսի ժամանակ փաստաբանները հայտնել են, որ զույգը 6 ամսական փոքրիկ է ունեցել: Նրանք ծանոթացել են 2013-ին՝ ծանոթությունների ինտերնետային կայքի միջոցով, իսկ մեկ տարի անց ամուսնացել են Կալիֆորնիայում:
27-ամյա կնոջը ընտանիքի անդամները նկարագրել են որպես հոգատար, նվիրված կին և լավ տնային տնտեսուհի: Փաստաբաններն ասել են նաև, որ նա ինքնամփոփ ու փակ անձանավորություն է եղել:
Թաշֆինի և նրա ընտանիքի մասին տեղեկություններ գրեթե չկան. ենթադրվում է, որ նա Սաուդյան Արաբիայից է: Դեղագործություն է սովորել Պակիստանում, սակայն երբեք այդ մասնագիտությամբ չի աշխատել ԱՄՆ-ում: 25 տարեկանում Պակիստանից վերադարձել է Սաուդյան Արաբիա՝ ընտանիքի մոտ:
Նրա ամուսնուն՝ Սայիդ Ֆարուկին նույնպես դրական են նկարագրել հարազատներն ու ընկերները՝ ասելով, թե նա հանգիստ մարդ էր: Երկու տարի առաջ գնացել է Սաուդյան Արաբիա՝ ամուսնանալու նպատակով, իսկ 6 ամիս առա,ջ երբ դուստրն է ծնվել, ուրախացել է և ասել, թե իր կյանքը կփոխվի:
Ընկերները երբեք չեն կասկածել, թե Ֆարուկն ու Մալիկը գաղտնի զենքեր են պատրաստում կամ որևէ կապ ունեն ահաբեկչական խմբավորումների հետ:
Ֆարուկի ծանոթներից Նիզամ Ալին CNN-ին պատմել է, թե նա երբեք չի խոսել Մալիկի մասին և հազվադեպ է խոսել իրենց երեխայի մասին, նույնիսկ չի հայտնել երեխայի ծնվելու մասին: Ֆարուկը միշտ կեսօրի աղոթքներին մասնակցել է՝ աշխատանքային ընդմիջման ժամերին միանալով իրենց. «Նա այնքան սիրալիր երիտասարդ էր: Ով ճանաչում էր նրան, միշտ դրական էր խոսում նրա մասին: Նույնիսկ այսօր: Այս ամենը հասականալը շատ դժվար է մեզ համար»:
Ալին եղել է Ֆարուկի և Մալիկի 2014-ի օգոստոսին տեղի ունեցած հարսանիքին ներկա 300 հյուրերից մեկը:
Նշվում է նաև, որ Հետախուզության դաշնային բյուրոն երեկ հայտարարել է, որ հետաքննությունը ցույց է տալիս, որ զանգվածային սպանությունը ահաբեկչական ակտ է, սակայն միևնույն ժամանակ չեն հավատում, որ մուսուլման զույգը անդամակցել է որևէ խոշոր ահաբեկչական ցանցի:
Սակայն ԱՄՆ իրավապահներից մեկը հայտնել է, թե Մալիկը Facebook-ում կեղծ պրոֆիլով հավատարմություն է հայտնել «Իսլամական պետություն» խմբավորմանն ու դրա առաջանորդ ալ-Բաղդադիին: