50-ամյա Գրիգոր Գավալյանը հանցագործություն կատարելու համար գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա նորից հայտնվել է ամբաստնյալի աթոռին՝ այս անգամ խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա նույն քրեակատարողական հիմնարկում կիսափակ ռեժիմում պատիժ կրող Սարգիս Եսայանին առաջարկել է իր միջոցով 1500 դոլար կաշառք տալ իր ծանոթ պաշտոնյային՝ պատիժը ավելի մեղմ՝ բաց ռեժիմում կրելու համար: Սակայն այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել և ստացված գումարն ամբողջությամբ տնօրինել է:
Կաշառքի փորձ անելու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաև Սարգիս Եսայանն ու նրա հայրը: Սարգիսը համաձայնել է կաշառք տալ և հորը խնդրել է տանը ունեցած 200 հազար դրամը տալ Գրիգոր Գավալյանին:
Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: