Կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերն առկա են. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել Ծաղկաձորում մեկնարկած «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարը» խորագրով համաժողովին, որն իրականացվում է ՀՀ ԿԳՆ, Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Գերատեսչությունից հաղորդում են, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը համակարգված բնույթ են կրում.

«Կրթության ոլորտը ներգրավված լինելով կառավարության հակակոռուպցիան ռազմավարության մեջ՝ դիտվում է կարևոր թիրախային բնագավառներից մեկը: Պետությունը մշակում և ակնկալում է համալիր ծրագրեր՝ հիմնված միջազգային փորձի վրա: Կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերն առկա են, և դրանք վտանգում են կրթության համակարգի արդյունավետ գործունեությունը՝ նախևառաջ կրթության որակի, արդյունավետության և մատչելիության տեսանկյունից: Առաջիկա երեք տարիների համար այժմ մշակվում է ծրագիր, որտեղ նախատեսում ենք մասնակից դարձնել նաև հանրային կառույցներին, շահագրգիռ կազմակերպություններին ու կրթության իրական շահառուներին: Այս ծրագրի հիմնական նպատակը կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական իրական պահանջ ձևավորելն է»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին հանրային պատկերացումները չափազանցված են՝ դրանց մասին ավելի շատ խոսվում է, քան դրանք կան: Նախարարի խոսքով՝ բոլոր սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին տեղեկացվածության մակարդակը մի քանի անգամ գերազանցում է կոռուպցիոն գործընթացներին մասնակցության մակարդակից, որն այս պահին լուրջ մարտահրավեր է ԿԳՆ-ի համար: «Բարեփոխումների այն հսկայական գործընթացը, որն իրականացվում է, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում, չի կարող հաջողությամբ պսակվել, եթե չնվազեցվի կոռուպցիան ռիսկերի մակարադակը»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ առաջնային խնդիրներից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ճակատի ձևավորումն է: Նախարարի խոսքով` կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր թիրախներից մեկն էլ բուհերի ֆինանսավորման բազմազանեցումն է, որտեղ լուրջ առաջընթաց առայժմ չկա: Մյուս խնդիրը` սովորողների բարձրագույն կրթություն ստանալու մոտիվացիան է. «Քանի դեռ կա ուսանողության մի հատված, որը շահագրգիռ է այլընտրանքային մեխանիզմներով քննություններ ստանալու հարցում, չի գնահատում գիտելիքի ստացման անհրաժեշտությունը և չի առաջնորդվում այն աքսիոմատիկ ճշմարտությամբ, որ ապագայում գիտելիքն է լինելու իր բարեկեցության հիմնաքարը, այդքան ժամանակ մենք ունենալու ենք մշտական պայքար՝ ցածր արդյունավետությամբ: Ուսանողության ներգրավումը հակակոռուպցիոն պայքարի մեջ լրջագույն պրոբլեմ է, քանզի ամենամեծ ուժը, որ կարող է օգնել առավել արագ արմատախիլ անել կոռուպցիան՝ դա նախևառաջ ուսանողությունն է: Իհարկե, նաև պետք է ընդունել, որ խնդիրը նաև օրենսդրական անկատարությունների ու վատ իմաստով ձևավորված ավանդույթների ու բուհական կառավարման մեջ է»,- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ կոռուպցիոն երևույթների պատճառները բազմաբաղադիչ են:

Ա. Աշոտյանը նաև նշել է, որ պայքարը նաև որոշակի արդյունք է ապահովել, մասնավորապես, ըստ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ավանդական հետազոտության տվյալների, որտեղ ներկայացվում է կոռուպցիայի մակարդակը տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, կրթության ոլորտը դուրս է մնացել «առաջատար եռյակից» և չի ներառվել երեք ամենակոռումպացված ոլորտների շարքում. «Մեզ համար վերջնական ձեռքբերումը կլինի այն, որ հասարակության կողմից ընդհանրապես կրթության ոլորտում կոռուպցիայի ռիսկեր չդիտարկվեն»,- եզրափակելով նշել է նախարարը և հավելել, որ Արևմտյան Եվրոպայի երկրների կոռուպցիայի դեմ պայքարի փորձը Հայաստանի համար կարող է օգտակար լինել: Համաժողովին ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: ԵՄ դեսպանի խոսքով՝ վերջին հետազտությունները փաստել են, որ Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում կրթության ոլորտի կոռուպցիան Հայաստանում գտնվում է համեմատաբար ցածր մակարդակի վրա:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ