«Արարատի մարզում, մասնավորապես Արարատ քաղաքում եղել են դպրոցներ, որոնց աշակերտները տարրական գիտելիքներ չունեն կոռուպցիայի մասին, սակայն դպրոցներ էլ կան, որտեղ աշակերտները բավականին իրազեկ են և ունեին ամուր արժեքային համակարգ»,- Այսօր «Միասին ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ամփոփման ժամանակ ասաց «Միասին» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Շիրինյանը: Նա կատակելով հիշեց, որ դպրոցներից մեկում աշակերտները ըմբոստացել էին անգամ հյուրասիրությունից` այն ընկալելով, որպես կոռուպցիա. «Հանդիպումներից մեկին հյուրասիրություն էինք կազմակերպել, երեխաներից մեկն էլ եկավ ու ասաց` «Բա հիմա սա կաշառք չի, դուք մեզ դասից կտրել եք ու հյուրասիրության եք տալիս, որ սեմինարին մասնակցե՞նք»»,- ասաց նա:
Նշենք, որ դրամաշնորհը տրամադրվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի կողմից: Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ: «Միասին ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է կրթական ոլորտում, կազմակերպվել են իրազեկման դասընթացներ քաղաքի ավագ դպրոցներում՝ աշակերտների, ծնողների և ուսուցիչների համար:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են հարցումներ 152 անձանց շրջանում: Միջոցառման ժամանակ սոցիոլոգ Արփինե Անտոնյանը ասաց, որ հարցվողներից 86-ը կոռուպցիան կապում էր կաշառքի հետ, 15-ը թալանի, դրամաշորթության, 9-ը դիրքի չարաշահման, մյուս 9-ը` անօրինական գործողությունները օրինական դարձնելու հետ:
Հարցվողների մեծ մասը գտել է, որ ծաղիկ, կոնֆետ, խմիչք նվիրելը, ռեստորան հրավիրելը, տոների ժամանակ ուսուցչին նվերներ տալը կոռուպցիա չէ, սակայն որպես կոռուպցիա է դիտարկվել դիրքի շահարկումը:
ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը հույս հայտնեց, որ ծրագիրն ինչ-որ չափով կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին Արարատի մարզում: Նա նաև նշեց, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Արարատի մարզի ՔՀԿ-ները, որոնք մասնակցել են ծրագրի շրջանակներում կազմակերպված հակակոռուպցիոն ուսուցմանը, կարող են դիմել առաջիկայում հայտարարվելիք փոքրիկ դրամաշնորհների մրցույթին և հաղթելու դեպքում հանրային վերահսկողության ծրագրեր իրականացնել մարզի տարածքում. «Սա նաև խթան կհանդիսանա Ձեզ համար, որպեսզի դիմեք ծրագրին և պայքարեք կոռուպցիայի դեմ»,- ասաց նա:
Արտակ Սարիբեկյանը նաև հիշեց, որ տարիներ առաջ, երբ ՀԵԻԱ-ն նոր էր իր պայքարը սկսում մարզերում, քաղաքացիները խուսափում էին կոռուպցիոն երևույթների մասին խոսել, սակայն այժմ իրավիճակը փոխվել է: Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ից:
Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում Արարատի մարզում տեղադրվել է նաև հակակոռուպցիոն բնույթի պաստառներ:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ