Նվազ նշանակություն ունեցող խախտումներ կատարողները պատասխանատվության չեն ենթարկվի. Արմեն Չիլինգարյան

Անզգուշությամբ կատարված և լուրջ հետևանք չառաջացնող խախտումները այսօր գործնականում պատասխանատվության չեն ենթարկվում: Իրավաբան.net-ի հետ զրույցում  նշում է Ճանապարհային ոստիկանության Իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը: Իրավաբան.net-ը այս անգամ  անդրադարձել է վարորդներին հուզող հարցերին, որի շրջանակներում`  վարչական ակտերի,  պատշաճ ծանուցման, նշանների հակասությունների և մեքենաների կայանման նոր կարգի վերաբերյալ զրուցել ենք Արմեն Չիլինգարյանի հետ:

Ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ երթևեկության որոշ հատվածներում ճանապարհային նշանները երբեմն տեսանելի չեն լինում վարորդների համար

-Նշանների տեսանելիության մասին  խոսելիս նախ պետք է նշեմ, որ ոլորտը գտնվում է ոստիկանության ծառայողների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նշանները  կարող են տեսանելի չլինել` պայմանավորված  տարբեր խոչընդոտներով, բայց բոլոր այն վայրերում, որտեղ մեր ծառայող կարգախմբերը իրենց ծառայողական ենթախմբերում հայտնաբերում են նման խնդիրներ, անմիջապես տեղեկացնում ենք  օպերատիվ կառավարման կենտրոնին, այնուհետև, ըստ ճանապարհի տնօրինության, այսինքն՝ ըստ այն մարմինների, որոնք իրականացնում են տվյալ ճանապարհների կահավորումը, բաշխվում է տեղեկատվությունը: Եթե Երևանում  տեղադրված որևէ նշան չի երևում կամ  ծառերի ճյուղերը փակել են այն, ապա անմիջապես տեղեկացնում ենք քաղաքապետարանի համապատասխան վարչությանը, իսկ միջպետական ճանապարհների նշանների դեպքում` Տրանսպորտի և կապի նախարարությանը, և համապատասխան կառույցը պետք է օպերատիվ լուծում տա խնդրին: Ճանապարհային ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նման դեպքերում խնդիրները հնարավորինս կարգավորվեն:

Իսկ լինու՞մ են դեպքեր, որ այդ խոչընդոտները վրիպեն ձեր տեսադաշտից

– Իհարկե, չեմ բացառի այդ հանգամանքը: Հնարավոր է` այն հատվածը, որտեղ նշանը տեղադրված է, ընդգրկված չլինի մեր ծառայողների  երթուղում և որոշակի ժամանակահատված վրիպի մեր աչքից: Բայց այս դեպքում էլ քաղաքացիներն են  մեզ օգնության հասնում: Բազմաթիվ զանգեր ենք ստանում, որ այս ինչ վայրում  գտնվող նշանը  տեսանելի չէ կամ ինչ-որ բեռնատար երկար ժամանակ կանգնած լինելով` փակել է այն: Բնականաբար մեր կողմից ձեռնարկվում են օրենսդրությամբ նախատեսված միջոցները, և խնդիրները  լուծում են ստանում: Պարզապես քաղաքացիներն էլ պետք է գիտակցեն, որ ճանապարհային ոստիկանության թվաքանակը այնքան շատ չէ, որ կարողանան բոլոր նշանների կազմման գոտում ունենալ ծառայողներ և ամեն օր, ամեն ժամ հսկողություն իրականացնել: Այդ պատճառով կոչ եմ անում նաև քաղաքացիներին, որ իրենք նույնպես ուշադիր լինեն և խնդրի առկայության դեպքում անպայման մեզ  ահազանգեն:

Շատ հաճախ  գծանշանը հակասում է ճանապարհային  նշանին: Այս պարագայում  վարորդը ինչպե՞ս պետք է կողմնորոշվի, որպեսզի չտուգանվի

-Եթե խոսքը գնում է ժամանակավոր նշանների մասին, ապա Ճանապարհային երթևեկության կանոնների համապատասխան գլխով հստակ սահամանում է, թե որ դեպքում որ նշանին պետք է առավելությունը տրվի: Եթե ժամանակավոր նշանը կամ գծանշումը հակասում է մշտականին, ապա պետք է առաջնորդվել ժամանակավորով, քանի որ այն հիմնականում պայմանավորված է լինում  որոշակի աշխատանքային պայմաններով, օրինակ` ճանապարհի շինարարությամբ:

Պատահում է նաև, երբ հիմնական գծանշումն ու նշանն են հակասում իրար: Տեսականորեն այդպես չպետք է լինի, մինչդեռ գործնականում նման խնդիրներ լինում են: Եթե երթևեկությունը կարգավորող նոր նշան է տեղադրվում, ապա նախկինը համապատասխան ծառայության կողմից պետք է ջնջվի, բայց, որոշ հանգամանքներով պայմանավորված, կան  դեպքեր, որ հինը շարունակում է  մնալ: Եվ երբեմն այն առավել տեսանելի է դառնում` լույսի որոշակի անկյան տակ: Նման հակասությունների դեպքում մենք որոշումները  կայացնում ենք` հօգուտ վարորդի:

-Պարոն Չիլինգարյան, ուզում եք ասել` նման դեպքերում վարորդները չե՞ն տուգանվի

-Եթե նույնիսկ տուգանքներ կլինեն կիրառված, բայց տեսանյութի դիտելուց կամ բողոքի քննությունից պարզվի, որ տվյալ իրավիճակում վարորդը չէր կարող տեսնել նոր նշանը և նրա համար ընկալելի է եղել հին գծանշումը, որն արդեն իսկ կիրառելի չէ, ապա  վարչական ակտը չեղյալ կհամարվի, և որոշումը կկայացվի` հօգուտ վարորդի:

Իսկ  ակտերի բողոքարկման ու վերանայման բոլոր գործընթացներն ե՞ն կատարվում ժամանակին

-Իհարկե, բոլոր գործընթացները կատարվում են օրենքով սահմանված ընթացակարգերի պահանջների և նորմերի պահպանմամբ: Եթե վարորդը վերադասության կարգով է բողոքարկել և  պահպանել է  բողոքին  ներկայացվող սահմանված պահանջները, ապա 10-օրյա ժամկետում մեր կողմից տրվում է պատասխան` որոշման ձևով:

–  Ինչու՞ հաճախ  Ձեր կողմից կազմված վարչական ակտերում չի պահպանվում իրավական որոշակիության սկզբունքը: Օրինակ` վարորդը ստանում է մի ակտ, երբ  խախատումն արձանագրող տեսանյութում չի երևում կատարած խախտումը:

-Ձեր նշած իրավական որոշակիության սկզբունքը կարգավորվում է «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» օրենքով, մինչդեռ վարչական ակտին ներկայացվող պահանջները սահմանված են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով և «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախատումների վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով: Այսինքն` վարչական ակտ կազմելիս մենք պարտավոր ենք առաջնորդվել վերոնշյալ օրենսգրքով ու առանձնահատկություններ սահմանող օրենքի դրույթներով` չնայած փորձում ենք նաև առնվազն նշել կատարված խախտման մասին:

Որպես տեղեկատվություն` նշեմ, որ ներկայումս քննարկվում է այս հարցը, որպեսզի վարչական ակտը էլ ավելի որոշակիացվի: Այսինքն` ակտում  նշվի  նաև  օրենքի  այն հոդվածը կամ կանոնների կետը, որի պահանջները խախտվել են: Այս  ուղղությամբ աշխատանքներ  ենք կատարում, քանի որ այն պահանջում է  և՛ իրավական որոշակի աշխատանքներ, և՛ տեխնիկական: Կարծում եմ, որ մոտ ապագայում կունենանք նաև այս խնդրի լուծումը` չնայած մեր ոլորտի գործունեությունը կարգավորող իրավական ակտերը մեր առջև նման պահանջ չեն դրել:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր նաև հոծ գծերի տրորման հանգամանքին՝ դրանք որակելով չնչին խախտում և դրանց հետ  կապված  մի շարք հանձնարարականներ էր տվել: Այս հանձնարարականներից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկում Ճանապարհային ոստիկանությունը

-Այժմ քննարկվում է նվազ նշանակություն ունեցող կամ ոչ այնքան էական իրավախախտումները օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերում ամրագրելու հարցը: Չնայած պետք է նշեմ,  որ նվազ նշանակության խախտումները զանազանելու առումով բավականին բարդություններ կան, որովհետև նույն իրավախախտումը մի իրավիճակում կարող է ոչ էական լինել, իսկ  մյուսում` վթարային իրավիճակ առաջացնել: Այնուամենայնիվ, այս պահին  կարող ենք փաստել, որ բոլոր այն խախտումները, որոնք անզգուշությամբ են կատարվել, տվյալ իրավճակում  նվազ նշանակություն են ունեցել` վթարային դրություն չեն ստեղծել, որևէ մեկին չեն խանգարել, այլ անձի իրավունքների հետ կապված խնդիրներ չեն առաջացրել, այսօր այդպիսի խախտումները գործնականում  պատասխանտվության չեն ենթարկվում: Նման դեպքերում վարորդները  ոստիկանության ծառայողների կողմից  միայն նախազգուշացվում են: Բայց նորից պետք է շեշտեմ` մեզ համար  յուրաքանչուր դեպք առանձին և մասնավոր քննության առարկա է` ըստ առաջացրած հետևանքի:

-Դատական վեճերի առիթ է հանդիսանում նաև վարորդՃՈ տեսուչ հարաբերությունները, երբ ՃՈ տեսուչը փաստացի չի տեսագրել կամ լուսանկարահանել խախտումը, սակայն հիմնվելով իր տեսածի վրա՝ վարչական տույժի մասին որոշում է կայացնում: Ի դեպ, դատական նախադեպեր կան, որ վարորդը հաղթել է այս գործերով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:

-Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման  մասին օրենքի 17-րդ հոդվածով ամրագրված է, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը տվյալ դեպքում ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է կանգնեցնել տրանսպորտային միջոցը և պատասխանատվության միջոցներ կիրառել, երբ նկատել է, որ  տրանսպորտային միջոցի վարորդը ակնհայտ խախտում է կատարել: Օրենքը հենց այնպես չի ամրագրում «ակնհայտ խախտում» եզրույթը: Քաղաքացիների համար  պետք է պարզ լինի, որ ոչ միշտ և  բոլոր խախատումները կարող են ամրագրվել տեխնիկական միջոցներով:

Պատկերացրեք ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենայում տեղադրված է տեսախցիկ, որն ունի որոշակի տեսադաշտ և  պարեկային ավտոմոբիլի կողքից գնացող ավտոմեքենան իրավախախտում է կատարում: Ճանապարհային ոստիկանը փակի աչքերը և ասի` խցիկը չի ամրագրել, հետևաբար ես չեմ արձագանքու՞մ: Իսկ մյուս վարորդները և հետիոտները ինչպե՞ս կգնահատեն տվյալ ոստիկանի արարքը, երբ տեսնեն, որ իրավախախտումը կատարվել է, և տեսուչի կողմից արձագանք չկա: Առնվազն տարակուսանք կառաջացնի, որ ճանապարհային ոստիկանը խախտմանը չի արձագանքում: Ուզում եմ նաև  նշել, որ առանց լուսանկարի կամ տեսանյութի ճանապարհային ոստիկանը իրավասու է կազմել արձանագրություն և կայացնել որոշում: Պատկերացրեք` ինչ կլինի, եթե ճանապարհային ոստիկանները սկսեն բացառապես  տեսախցիկներով աշխատել: Երևի արդեն ստիպված կլինենք պարեկային մեքենայի վրա 50-ից ավելի տեսախցիկ տեղադրել: Ես չեմ բացառում, որ վարորդը  նման  խնդրով կարող է հաղթած լինի դատական ակտը, սակայն վստահեցնում եմ, որ  դրանք մեծամասնություն չեն կազմում:

-Գնալով վարորդները ավելի  հաճախ են դիմում դատարաններ: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ վիճակագրություն է առկա ՃՈի շահած և պարտված գործերով

-Միայն կարող եմ ասել, որ մեր պարտված վարչական ակտերը նույնիսկ մեկ տոկոսի չեն հասնում:

-Խոսենք նաև ծանուցման խնդիրների մասին : Նախկինում վարորդը ծանուցված էր համարվում, եթե փոստատարը փոխանցում էր համապատասխան նամակը, իսկ այսօր, եթե փոստատարին չի հաջողվում փոխանցել նշված նամակը, ապա այն տեղադրվում է «azdarar.am» կայքում եւ դրանով վարորդը 3 օր անց համարվում է ծանուցված: Ինչպե՞ս կարող է էլեկտրոնային ծանուցումը պատշաճ համարվել:

-Վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու ուղղությամբ Ճանապարհային ոստիկանության պարտականությունը ավարտվում է վարչական ակտը կայացնելուց հետո եռօրյա ժամկետում: Այն տրվում է կամ անձամբ հասցեատիրոջը կամ եռօրյա ժամկետով փոստային ծառայությանը հանձնելով: Մեր պարտականությունները այդտեղ ավարտվում են, որից հետո սկսում են փոստային ծառայության լիազորությունները: Իսկ կայքում հրապարակելը մեր կարծիքով այն վերջին ողջամիտ, պատշաճ իրազեկման ձևն է, որը մենք իրականցնում ենք: Ակտը սկզբից ուղարկում ենք տրանսպորտային միջոցի հաշվառման հասցեով: Եթե չի ստանում, ապա մենք բնակչության պետական ռեգիստրում եղած հաշվառման այլ հասցեով  ուղարկում ենք երկրորդ անգամ: Երկրորդ հասցեով ուղարկելուն զուգահեռ  կամ մեկ-երկու օրվա տարբերությամբ տեղադրում ենք «azdarar.am» կայքում: Այսինքն` մենք առնվազն երկու հնարավոր փոստային առաքումներ ենք  իրականացնում: Այստեղ ևս մեկ անգամ կուզենամ շեշտել՝ եթե անձը փաստացի չի ստանում իր որոշումը, անկախ նրանից` տեղադրված է կայքում, թե ոչ, նրա նկատմամբ 25 տոկոս և 50 տոկոս ավելացումները չեն կատարվում: Դրանք կատարվում են բացառապես այն դեպքերում, երբ ճանապարհային ոստիկանությունը ունի փոստային ծառայության կողմից տրված անդորրագիրը, որի վրա առկա է ստացողի ստորագրությունը:

-Եվ վերջում կուզենայի իմանալ Ձեր կարծիքը ավտոմեքենաների կայանման նոր կարգի վերաբերյալ: Այն մի շարք վարորդների շրջանում դժգոհության պատճառ էր դարձել. բողոքում են, թե ինչու պետք է իրենց շենքի դիմաց մեքենան կանգնեցնելու համար վճարեն, տաքսու վարորդներն էլ պահանջում են իրենց «հանել այդ օրենքից»

– Որևէ տրանսպորտային միջոցի օրենքից հանել կամ այլ բացառություններ սահմանել հնարավոր չէ: Այդպիսի բան գույություն ունի բացառապես ընդհանուր օգտագործման տրանսպորտային այն միջոցների համար (Երթուղայիններ, տրոլեբուսներ), որոնք ունեն հատուկ կանգառի կետեր և կարող են միայն  այնտեղ կանգառել: Իսկ կայանտեղիների պետական տուրքերի մասով   ճանապարահային ոստիկանությունը լիազորություններ չունի և այդ հարցը պետք է ուղղեք Երևանի քաղաքապետարանին: Չնայած  իմ անձնական կարծիքով` բակը որևևէ մեկին չէ , այն համայնքին է և  համայնքի բոլոր բնակիչներինը:

Հարցազրույցը` Լաուրա Մամյանի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ