Այս տարվա նոյեմբերի 2-ին առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել «Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ՝ անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով իրականացվող ծառայությունների համար:
Պայմանագրի արժեքը 45 միլիոն 820 հազար դրամ է (շուրջ 96.5 հազար դոլար): Ծառայությունների մատուցման վերջնաժամկետը մինչև այս տարվա վերջն է՝ դեկտեմբերի 25-ը: Պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցները հատկացվել են պետական բյուջեից:
Գնման մասին փաստաթղթից տեղեկանում ենք, որ պայմանագրով նախատեսվում են անցանկալի հղիությունների կանխման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բեղմնականխման միջոցների տրամադրման, բեղմնականխման միջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց ներկայացվող պահանջների և բեղմնականխման միջոցների տրամադրման համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացման ծառայությունների տրամադրում: Այս ծառայությունները մասնավորապես ներառելու են.
1.Բեղմնականխման միջոցների ձեռքբերում, պահպանում և տրամադրում, 2.Բեղմնականխման միջոցների օգտագործման վերաբերյալ խորհրդատվություն, 3.Բեղմնականխման միջոցների տրամադրման համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, 4.Անցանկալի հղիությունների կանխման նպատակով մշտադիտարկման իրականացում:
«Կատարողը պարտավոր է Պատվիրատուին ներկայացնել բեղմնականխման միջոցների շրջանառության հետ կապված հաշվետվություն»,- նշված է գնման վերաբերյալ փաստաթղթում:
Կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի 40 արձանագրային որոշման հավելվածի «Մոր և մանկան առողջության պահպանման 2015 թվականի պետական նպատակային ծրագիր» հատվածում կարդում ենք այն մասին, որ նախատեսվում է «անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացում»:
Նույն փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ 2015-ին նախատեսվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրի աջակցությամբ իրականացվող անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով հակաբեղմնավորիչ ժամանակակից միջոցների մատչելիության ապահովման ծրագիր իրականացնել: Այս ծրագրի ներառումը պայմանավորված է ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի 2013թ. սեպտեմբերի 27-ի թիվ 4 փոփոխության համաձայն, որով ՀՀ կառավարությունը ստանձնել է ժամանակակից հակաբեղմնավորիչների գնման պարտավորություն:
Ինչպես արդեն իսկ հայտնի է, անցանկալի հղիությունները կանխարգելելու այս ծառայությունները տրամադրվելու են անվճար: Առողջապահության նախարարությունից փորձեցինք տեղեկանալ, թե անվճար այս ծառայություններից ովքե՞ր կարող են օգտվել: Նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից ուղղորդեցին՝ տեղեկությունը ստանալու համար զանգահարել համապատասխան հեռախոսահամարով և խոսել մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ:
Սակայն Գայանե Ավագյանը հայտարարեց, թե «իրավունք չունի հեռախոսով ինֆորմացիա տալու» ու թե ինֆորմացիան ստանալու համար կամ գրավոր դիմենք կամ էլ նախարարության հասարակայնության հետ կապերի միջոցով ստանանք:
Հատուկ Գայանե Ավագյանի համար մեջբերում ենք «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը, որի համաձայն, ոչ միայն իրավունք չունի, այլև պարտավոր է տեղեկություն տրամադրել բանավոր հարցմանը. «Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում»: