ԵՊՀ աշխատակցի կաշառք ստանալու գործը դատարանում է

ԵՊՀ աշխատակից, ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Աճեմյանը ամբաստանյալի աթոռին է՝ ուսանողից կաշառք վերցնելու մեղադրանքով:

Դեռևս մայիսի 7-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ իրենց կողմից ձեռնարկված օպերատիվ – հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Լևոնի Աճեմյանը: Նա նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող Կ.Ս.-ի 2 քննությունների գնահատականները դրական նշանակելու գործընթացը կարգավորելու համար պահանջել և ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք:

Իսկ մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ նա չի հասցրել յուրացնել գումարը, քանի որ ստանալու պահին բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Գործը քննվելու է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ