Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների 2015 թվականի արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը կառավարություն վաղվա նախագծով պետք է հատկացնի 20 մլն դրամ:
Նախագիծը գործադիրի նիստին կներկայացնի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նախագծում կարդում ենք, որ դրա ներկայացումը պայմանավորված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ: Արտասահմանյան գործուղումների ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը վճարվում են համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման և այլ հրամանագրերի համաձայն:
2015 թ. պետական բյուջեով 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածով ՀՀ պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 75 մլն դրամ: Ներքին հոդվածային վերաբաշխմամբ այս հոդված է տեղափոխվել ևս 7 մլն դրամ: Արդյունքում 82 մլն դրամից մնացել է 4,8 մլն դրամ, որն ավիատոմսերի ձեռքբերման գումարն է:
«Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` խնդրում ենք Ձեզ տալ համաձայնություն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պետական պահպանության ծառայությանը 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածով լրացուցիչ հատկացնել 20 000.0 հազար դրամ` ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների 2015թ. չորրորդ եռամսյակի գործուղման ծախսերը վճարելու համար»,- ասվում է նախագծում: