Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը և Մհեր Շահգելդյանը՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Պ-855-18.09.2015-ՊԱ-010/0):
Ըստ պատգամավորների՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթևեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափի նվազեցման հանգամանքով՝ նկատի ունենալով ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը:
Այս օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացությունը վաղը գործադիրի նիստին պետք է ներկայացնի Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Եզրակացության մեջ նշվում է, որ տուգանքները սահմանելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը, հաշվի են առնվել նաև վիճակագրական տվյալները, սահմանվել են հստակ չափանիշներ, որոնց առկայությունը հնարավորություն է տվել առավել մանրամասն կարգավորել տվյալ բնագավառի իրավահարաբերությունները, մինչդեռ ըստ կառավարության՝ ներկայացված նախագծի հիմնավորման մեջ բացակայում են վիճակագրական տվյալները, համապատասխան վերլուծությունները և այլն: Այդ առումով նախարարությունը եզրահանգել է, որ նախագծում պատշաճ հիմնավորված չէ տուգանքների չափերի նվազեցման անհրաժեշտությունը:
Ելնելով այս հանգամանքներից, ՀՀ կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը և օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չի, երբ Արդարադատության նախարարությունը անհիմն է համարում պատգամավորների ջանքերը՝ օրենսդրական փոփոխության միջոցով նվազեցնելու տուգանքների չափը: Մինչ այս՝ կառավարության սեպտեմբերի 10-ի նիստին հավանության չարժանացավ մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում դրվի և սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը նվազեն 50 տոկոսով: