Ծննդաբերության ժամանակ բժշկական հաստատություններում կոռուպցիոն ռիսկերը բարձր են: Վստահ է «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Քրիստինա Սաղաթելյան: «Կոռուպցիոն ռիսկերը ծննդօգնության ոլորտում» դրամաշնորհի շրջանակներում ՀԿ-ն ուսումնասիրել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում ծննդօգնության ոլորտում կոռուպցիոն երևույթները:
«Հարցումներ ենք իրականացրել 61 տոկոսը դժգոհ են եղել կոնսուլտացիայից և ծննդաբերական բաժանմունքներից: Հիմնական գումարը, որ նրանք տվելը մեծ բաժինը բժիշկներին են հատկացվել ու հետո քույրերին, դեղամիջոցներին»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ ամենաառաջնային խնդիրը հենց Կապանում կեսարյան հատումների աճն է, ըստ ՀԿ նախագահի սա կրկին պայմանավորված է կոռուպցիայով. «Եթե կեսարյան հատում են անում, գումար են տալիս, իրազեկվածությունը ցածր է՝ ինչ ձևով էլ ծննդալուծությունն իրականացվի, այն պետք է անվճար լինի, սակայն սխալ պրակտիկա է ձևավորվել, որ կեսարյան հատման ժամանակ 120 հազարից 150 հազար դրամ ուզում են ու մարդիկ էլ տալիս են»,- ասաց Քրիստինա Սաղաթելյանը:
Դրամաշնորհը տրամադրվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, այն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ: