«Սպանությանը ներգրավված է եղել նաև մի անձ, ով քրեական հեղինակության որդի է». Մհեր Ենոքյան

Քրեական վերաքննիչ դատարանի կահավորված նիստերի դահլիճի փոխարեն Նուբարաշեն ՔԿՀ-ի միջոցառումների սրահում դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Մհեր Ենոքյանն՝ ընդդեմ գլխավոր դատախազության գործով դատական արտագնա նիստը: Ենոքյանը բողոքարկում էր Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի 2015 թվականի հունիսի 15-ի որոշումը:

«Մինչև օրս էլ ես չեմ դատապարտվել ցմահ ազատազրկման, պարզապես ՀՀ-ի ՄԱԿ-ին անդամակցելուց հետո նախագահի որոշմամբ փոխվել է իմ պատժատեսակը»,- դատավորին ասաց Մհեր Ենոքյանը: Նա նաև ներկայացրեց Նիդերլանդների անկախ փորձագետների կարծիքներն՝ իր գործի առնչությամբ, միաժամանակ նշելով, որ կողմը չի ճանաչում գործում ներգրավված որևէ մեկին:

«Նրանք զարմացել էին` ինչպե՞ս կարելի է դատապարտել մահապատժի, երբ կա դիակը, որն ունի վնասվածքներ, բայց չկան արված համապատասխան փորձաքննություններ»,- նշեց Մհեր Ենոքյանը՝ հավելելով, որ բոլորովին վերջերս ԱՄՆ-ում ևս մեկ դատապարտյալ 25 տարի ազատազրկումից հետո արդարացվել է. «Մեզանում չկան նման օրինակներ, ապա ինչո՞ւ է մեզանում ներդրվել նոր երևան եկած հանգամանքների ինստիտուտը»,- ավելացրեց դատապարտյալը:

Ենոքյանը նախորդ նիստերի ժամանակ նշել էր, որ դիմել է գլխավոր դատախազություն, ասելով, որ գործի հետ կապված շատ կարևոր մանրամասներ ունի հայտնելու, և խնդրում է ապահովել իր և ընտանիքի անվտանգությունը: Հերթական նիստին նա նշեց, որ իր դիմումը անարձագանք է մնացել:

Հերթական նիստին նա մանրամասնեց, թե ինչու էր խնդրում ապահովել իր ընտանիքի անվտանգությունը: Ըստ դատապարտյալի՝ հունիս ամսին` առաջին ատյանի որոշումից հետո նա հանցագործության մասին հաղորդմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով որ սպանությանը ներգրավված է եղել նաև մի անձ, ով քրեական հեղինակության որդի է, սակայն 4 ամիս է, ինչ իր դիմումն անարձագանք է մնացել:

Դատախազ Լևոն Չարխիֆալաքյանն անդրադառնալով Մհեր Ենոքյանի` ՀՀ Գլխավոր դատախազությանը ուղղված դիմումին, հայտնեց, որ նշված դիմումը ստանալուց հետո գլխավոր դատախազը տեղակալի կողմից գրություն է հասցեագրել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին` պահանջելով Մհեր Ենոքյանի վերաբերյալ քրեական գործը ներկայացնել գլխավոր դատախազություն, որպեսզի դիմումի մեջ նշված փաստարկը ստուգի: Մհեր Ենոքյանը նույն փաստական հանգամանքների վերաբերյալ նաև վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Մհեր Ենքոյանն ասաց, որ մատնահետքաբանական փորձաքննություն չէր արվել, իսկ դատակենսաբանական փորձաքննությամբ էլ պարզ էր դարձել, որ բանալու վրա նույնիսկ արյան հետք չի եղել: Իսկ գործում առկա երկու ներկաներից Հովհաննես Հովակիմյանը արձանագրությունների ժամանակ չի տեսել սպանության որևէ գործիք. Ներկա չի եղել: Իսկ հաջորդ ընթերական, ով պարտադիր պետք է լիներ ազգությամբ հայ և տիրապետեր հայերենին, իրականում գոյություն չունեցող ոմն Աստա Յոհանսենն է:

Դատախազն իր խոսքում շեշտեց, որ դատավճիռը և ցանկացած իրավական ակտ պետք է լինի օրինական հիմնավորված և պատճառաբանված. «Պետք է նոր երևան եկած հանգամանքները առկա լինեն, որպեսզի իրականացվի վարույթ և ցանկացած դիմում չի կարող հիմք հանդիսանալ նոր վարույթ իրականացնելու համար»,-նշեց նա: Ըստ դատախազի՝ Մհեր Ենոքյանի ներկայացրած փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու համար: Դատախազը դիմելով դատարանին խնդրեց մերժել վերաքննիչ բողոքը:

Մհեր Ենոքյանը իր ճառում հայտնեց, որ ՀՀ-ում որ երևան եկած հանգամանքներով ոչ մի անդրադարձ չի կատարվում ցմահ բանտարկյալների գործերին:

«Եթե մարդը անմեղ է` պետք է արդարացվի»,-ասաց նա:

Դատապարտյալի կողմից հրապարակված նոր երևան եկած հանգամանքները շատ էին, սակայն վերաքննիչի որոշումը նույնը` մերժում: Դատարանը՝ Սևակ Համբարձումյանի նախագահությամբ  ուժի մեջ թողեց առաջին ատյանի որոշումը:

Հիշեցնենք, որ 1996 թվականին համակուրսեցուն սպանելու մեղադրանքով Մհեր Ենոքյանը դատապարտվել էր մահապատժի։ 2003թ.-ին Ռ. Քոչարյանի հրամանով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Այժմ նա իր պատիժը կրում է Նուբարաշեն ՔԿՀ-ում:

Ելենա Արամյան

Տիգրանուհի Հարությունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել