ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի օգոստոսին ՀՀ ՖՆ Վանաձորի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հրաչ Մովսիսյանը և նույն հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ Արմեն Պեպանյանը պարզելով, որ Պետրոս Ջ.-ն հիմնել է տաքսի ծառայություն և զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, հանդիպել են վերջինիս հետ, որի ընթացքում Հ. Մովսիսյանը և Ա. Պեպանյանը խմբով, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու միասնական դիտավորությամբ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար Պետրոս Ջ.-ից պահանջել են յուրաքանչյուր ամիս իրենց տալ 40 հազ. ՀՀ դրամ կաշառք, և տևական ժամանակ հարկային տեսուչները վերջինիցս ստացել են խոշոր չափերով կաշառք:
Բացի այդ, 2014 թվականի դեկտեմբերին, Արմեն Պեպանյանը խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, այցելել է ձեռնարկատեր Արայիկ Գ.-ին և հայտնել, որ իր խանութում առկա հնարավոր թերությունները, խախտումները հայտնաբերելու համար ստուգումներ չիրականացնելու պայմանով, Արայիկ Գ.-ից կաշառքի առաջարկն ընդունելով, անձամբ նրանից ստացել է խոշոր չափերով՝ 1 մլն. ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ քաղաքացի Ռոմիկ Ջ.-ն հանդիպել է ավագ հարկային տեսուչ Արմեն Պեպանյանին և խնդրել է անտեսել անհատ ձեռներեց Նաիրա Ս.-ի գեղեցկության սրահում աշխատողների՝ հարկային մարմնում հաշվառած չլինելու հանգամանքը:
Արմեն Պեպանյանը Ռոմիկ Ջ.-ից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն որպես կաշառք տալ 25 հազ. ՀՀ դրամ: Համաձայնության գալուց հետո Ա. Պեպանյանն ամիսներ շարունակ Ռոմիկ Ջ.-ից անձամբ ստացել է կաշառքի գումարները:
Բացի այդ, 2015 թվականի փետրվարին Հրաչ Մովսիսյանը զանգահարել է անհատ ձեռներեց Արտյոմ Շ.-ին և վերջինիս խանութում առկա հնարավոր թերությունները, խախտումները չհայտնաբերելու, ստուգումներ չիրականացնելու և ավելորդ խնդիրներ չստեղծելու պայմանով պահանջել է հարկային պարտավորություններից զատ, յուրաքանչյուր ամիս իրեն որպես կաշառք տալ 10 հազ. ՀՀ դրամ, որը 2015 թվականի փետրվարից սկսել է ստանալ:
Դրանից բացի, Հրաչ Մովսիսյանը տեղեկանալով, որ քաղաքացի Ռաֆիկ Հ.-ն տան տարածքում ունի պանրի արտադրամաս և առանց համապատասխան պետական գրանցման իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, վերջինիցս պահանջել է երկու ամիսը մեկ իրեն որպես կաշառք տալ 15 հազ. ՀՀ դրամ: 2015 թվականի փետրվարից Հրաչ Մովսիսյանը Ռաֆիկ Հ.-ից սկսել է ստանալ կաշառքի գումարները:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ քաղաքացի Արսեն Բ.-ն 2003 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կատարելով հարկային պարտավորությունները: Հրաչ Մովսիսյանը, շորթմամբ կաշառք ստանալու դիտավորությամբ, այցելել է Արսեն Բ.-ին և պահանջել 1 տոկոս շրջանառության հարկը վճարելուց բացի, մնացած 2.5 տոկոսը տալ իրեն՝ որպես կաշառք: Արսեն Բ.-ն հրաժարվել է, իսկ Հրաչ Մովսիսյանը սպառնացել է խոչընդոտել նրա օրինական գործունեությանը՝ պնդելով, որ կաշառք չտալու դեպքում պարբերաբար կայցելի, կարձանագրի խախտումներ և կենթարկի վարչական պատասխանատվության: Արսեն Բ.-ն հարկադրված համաձայնել է Հ. Մովսիսյանի ակնհայտ ապօրինի պահանջին, այն է՝ յուրաքանչյուր ամիս տալ 70 հազ. ՀՀ դրամի 2.5 տոկոսը, սակայն նրան գումարը չի հասցրել տալ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Հրաչ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Արմեն Պեպանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այս մասին հաղորդում են ՀՔԾ-ից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: