Այս տարվա օգոստոսի 13-ին կառավարությունը 30 միլիոն դոլարով վաճառեց Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրը (ՄՀՀ): Գնորդը «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն է, որը գրանցվել է այս տարվա հուլիսի 20-ին: Ընդամենը 3 ամիս գոյություն ունեցող այս ընկերությունը բավականին լուրջ պարտավորություններ է ստանձնել՝ չորս տարվա ընթացքում նվազգաույնը 1 միլիարդ դոլարի ներդրում անել և 250 նոր աշխատատեղ ստեղծել:
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրացնման ռեգիստրում որպես «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր նշված է ոմն Արմեն Զավենի Գևորգյան: Սակայն պարզվում է, որ այս անձը իրականում որևէ կապ չունի այս ընկերության հետ, քանի որ դրա միակ սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է:
Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, պաշտպանության նախարարությունը տրամադրել է սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի պատճեն, որի համաձայն, վաճառողը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է և նրա լիազորված անձ է հանդես գալիս Արայիկ Թորգոմյանը, իսկ գնորդը «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությունն է, որի անունից հանդես է գալիս ընկերության տնօրեն Վահագ Դինո Ավադիսյանը, ով հանդիսանում է ընկերության միակ մասնակիցը:
Հետաքրքիր է այն, որ հենց առուվաճառքի պայմանագիրը կնքելու օրն էլ՝ սեպտեմբերի 1-ին ընկերության տնօրեն ու միակ մասնակից է դարձել Վահագ Դինո Ավադիսյանը, և նույն օրն էլ ընկերության իրավաբանական հասցեն փոփոխվել է: Այն այժմ գրանցված է Կոմիստասի 62 հասցեում, որը նաև Վահագ Դինո Ավադիսյանի փաստացի բնակության վայրի հասցեն է:
Այսինքն, երբ կառավարությունը դեռևս օգոստոսի 13-ին որոշեց օտարել անշարժ գույքը, «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիրը Արմեն Գևորգյանն էր և ընկերությունն էլ գրանցված էր նրա բնակության հասցեում, իսկ ահա առուվաճառքի պայմանագրի կնքման օրը իհայտ է գալիս նոր տնօրենն ու միակ սեփականատերը:
Ո՞վ է ՄՀՀ նոր սեփականատերը
Վահագ Դինո Ավադեսյանը, պարզվում է, լոսանջելեսյան էլիտար թաղամասի՝ Բեվերլի Հիլզի բնակիչներից է: Նա որոշակիորեն հայտնի է իր և Մայք Դավթյանի կողմից 2012 թվականին հիմնադրված uploaddemo.com կայքով: Այն նախատեսված է եղել սկսնակ երաժիշտների շուո բիզնես մտնելուն օգնելու համար: Սակայն այս պահին կայքը չի գործում: Ինչպես տեսնում ենք նրա Linkedin-ի էջից, կայքը մեկ տարուց ավելի քիչ է գոյատևել: Առավել վաղ նա աշխատել է շինարարական և գույքի առուվաճառքի ոլորտներում:
Սակայն այս անձի վերաբերյալ առավել հետաքրքիր դրվագներ կան, և մասնավորապես այն, որ վերջինս ներգրավված է եղել ֆինանսական խարդախությունների հետ կապված քրեական գործերով: Իսկ 2014 թվականի փետրվարի 5-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է. նա կասկածվելիս է եղել կեղծ ներդրումային սխեմայի մեջ ներքաշված լինելու մեջ՝ կապված Synergy Finance Group-ի հետ: Նա կասկածվելիս է եղել նաև չգրանցված արժեթղթերի վաճառքի, չգրանցված գործակալի կողմից արժեթղթերի վաճառքի և խարդախության մեջ:
Վահագ Դինո Ավադիսյանի անունը ստվերվել է նաև ավելի վաղ: Այս մասին տեղեկանում ենք հենց նրա բլոգից, որտեղ վերջին գրառումը եղել է 2011 թվականին.
«2009 թվականի օգոստոսին իմ անունը հայտնվեց համացանցում «գող», «խարդախ», «խաբեբա» բառերի տակ: Ես ամեն ինչ փորձեցի՝ կապված այն մարդու հետ, ով հրապարակել էր այս անհեթեթությունն իմ մասին, բայց ոչ ոք չկարողացավ իրոք օգնել ինձ:
Ու ես հանձնեցի այս գործը փաստաբաններիս, ինչը արժեցավ մոտ 120 000 դոլար, դատական գործընթացը տևեց 9 ամիս. արդեն 5 այսպես կոչված «բրոկերներ» են ձերբակալվել, և 2 կայք պիտի վճարեն ինձ մոտ 5000 դոլար»:
Այս տեղեկությունների, ինչպեսև մարզահամերգային համալիրի վերաբերյալ ներդրումային ծրագրի մասին մենք հարցում ենք ուղարկել Վահագ Դինո Ավադիսյանին: Եվ պատասխան ստանալու դեպքում, այն կներկայացնենք:
Անպատասխան թողնված հարցեր
2005 թվականի սեպտեմբերին կառավարությունն առաջին անգամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառեց մասնավոր ընկերության՝ «ԲԱՄՕ» ընկերությանը: Իսկ 2013-ին կառավարությունը դիմեց դատարան՝ պահանջելով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից բռնագանձել 10,2 մլրդ դրամ՝ չկատրված վարկային պարտավորությունների դիմաց: Հայցը բավարարելուց հետո ԴԱՀԿ-ի կողմից աճուրդ էր հանվել անշարժ գույքը, որն այդպես էլ գնորդ չունեցավ, թեև ամեն հաջորդ աճուրդի հայտարարության ժամանակ գինը 10 տոկոսով նվազեցվում էր: Նախորդ տարվա օգոստոսին այն կառավարության որոշմամբ նորից պետականացվեվց և գրանցվեց պաշտպանության նախարարության հաշվեկշռում: Ու թեև պետության կողմից ՄՀՀ-ն հետ վերցվելու և աճուրդի հանվելու վերաբերյալ «ԲԱՄՕ» ընկերության ներկայացուցիչները դատական հայցեր ունեին, այնուամենայնիվ, կառավարությունը շարունակեց իր քայլերը և այս տարվա սեպտեմբերի 1-ին վաճառեց այն «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» -ին:
Վերջին այս գործարքի իրավական հիմնավորումը կառավարության 935-Ա որոշումն է, համաձայն որի էլ, 30 միլիոն դոլարով վաճառված անշարժ գույքի իրական արժեքը կրկնակի բարձր է՝ շուրջ 60 միլիոն դոլար է.
«ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող, ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ 27,568,962.455 հազ. դրամ գնահատված արժեքով 46335.7 քառ. մետր մարզամշակութային կենտրոնից, 40.0 և 50.0 քառ. մետր օժանդակ շինություններից, 2800.0 քառ. մետր ջրավազաններից և աստիճանից, 3851.3 քառ. մետր ջրավազանից և 1,575,037.555 հազ. դրամ կադաստրային արժեքով 9.559587 հա սեփական հողամասից բաղկացած անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Հր. Քոչարի փող., շ. 22/15, Արաբկիր 0012) »:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է 60 մլն դոլար արժողությամբ գույքը կրկնակի էժան վաճառվել, կառավարությունից չեն պատասխանել: Հարցն ուղղված է եղել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ով, սակայն հարցն մակագրել է պաշտպանության նախարարությանը, իսկ այստեղից էլ ստացվել է հետևյալ պատասխանը. «ՄՀՀ-ի անշարժ գույքի օտարման գինը որոշվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ից»:
Անպատասխան է մնացել մեկ այլ կարևոր հարց՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությունը կատարելու է ստանձնած պարտավորությունները: Իսկ երաշխիք ասելով, նկատի ենք ունեցել, թե արդյո՞ք կառավարությանը ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր՝ ֆինանսական հոսքերի կամ այլ ընկերությունների հետ այս ընկերության համագործակցության նախնական պայմանագրեր, և այլն: Ի պատասխան այս հարցի, պատասխան է տրվել, թե, կառավարության վերոհիշյալ 935-Ա որոշման համաձայն, պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման համար գնորդը կրում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված կարգով, իսկ
գնորդի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունը վերապահված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
Նշենք, որ համաձայն ընկերության բավականին լակոնիկ ներդրումային ծրագրի, կազմակերպվելու են համերգային, սպորտային և պետական նշանակության միջոցառումներ, հարակից տարածքում կկառուցվեն հյուրանոցային համալիրներ, որոնք կներառեն ժամանցային վայրեր, այդ թվում նաև խաղատներ: Եվ ընկերությունը պարտավորվում է առնվազն 250 նոր աշխատատեղ ստեղծել, և նվազագույնը 1 միլիարդ դրամի ներդրում անել:
Ներդրումային ծրագրի նախնական տարբերակում նշվում էր նաև, թե համալիրի կառավարումը պետք է իրականացնի միջազգային հանրային կապեր հաստատող մարմին, որը պետք է համագործակցի միջազգային ճանաչում ունեցող խոշոր մարկետինգային և տուրիստական գործակալությունների հետ: Իսկ թե արդյո՞ք կառավարությանը ներկայացվել է որևէ նախնական համաձայնագիր, որով կփաստվի, թե միջազգային ճանաչում ունեցող որևէ ընկերություն պատրաստ է աշխատել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ, անպատասխան է մնացել:
Ի դեպ, ներդրումային այս ծրագրում բավականին մեծ աղմուկ էր հանել այն հանգամանքը, որ այդ տարածքում գործելու են նաև խաղատներ: Նշենք, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի համաձայն՝ շահումով մեքենայացված խաղ կամ ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, Մեղրի համայնքների վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում:
Եվ քանի որ ՄՀՀ շենք-շինությունները և նրա սպասարկման տարածքն ընգրկված են պատմամշակութային հուշարձանների ցանկում, ապա այս ընկերությանը կմնա ասել, թե իր կողմից կառուցվելիք խաղատներում խաղերը շահումով չեն լինելու:
Աստղիկ Կարապետյան