Մալազիայում անգամ տաքսու վարորդը վրդովված է, որ իր հարկերի հաշվին վարչապետը երկհարկանի ոչ շքեղ առանձնատուն ունի, իսկ Հայաստանո՞ւմ

Քաղաքացիական հասարակութունը պետք է դերակատար լինի, վերահսկի կառավարության գործունեությունն ու թելադրի նրա անելիքները. Հայաստանում նման քաղաքացիական հասարակություն դեռ չի ձևավորվել, մինչդեռ միայն այսկերպ հնարավոր է մեր երկրում նվազեցնել կոռուպցիան:

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ն այսօր` հոկտեմբերի 6-ին Կապանում հանդիպեց կոալիցիայի մարզային և շահագրգիռ ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ, նա հանդիպման մասնակիցների հետ կիսվեց Մալազիայի Պութրաջայա քաղաքում տեղի ունեցած 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովի շրջանակներում կատարած այցից:

Կարեն Զադոյանի փոխանցմամբ` Մալազիայում քաղաքացիական հասարակությունը հասել է այն մակարդակին, ինչի մասին մենք միայն խոսում ենք:

Պարոն Զադոյանը բերեց մեկ օրինակ` համաժողովի բացմանը ողջույնի խոսքով պետք է հանդես գար երկրի վարչապետը, ով հասարակության շրջանում ընկալվում է որպես կոռումպացված պաշտոնյա, սակայն միջոցառման նախորդ օրերին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն բողոքի ակցիա իրականացրին` հայտարարելով, որ կոռումպացված պաշտոնյան իրավունք չունի բացման խոսքով հանդես գալ հակակոռուպցիոն համաժողովին: Թեև համաժողովի օրակարգում կար նաև վարչապետի ելույթի մասին գրառում, սակայն համաժողովի բացման օրը նա չներկայացավ միջոցառմանը:

Բացի այդ, հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների հետ հանդիպման ժամանակ Կարեն Զադոյանը նշեց, որ այս երկրում անհանդուրժող են յուրաքանչյուր տեսքի կոռուպցիայի նկատմամբ. «Երբ պտտվում էինք քաղաքով, տաքսու վարորդը բլրի վրա ցույց տվեց երկհարկանի ոչ այնքան շքեղ մի առանձնատուն, որից մի քանի անգամ ավելի առանձնատներում ապրում են մեր միջին և ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող չինովնիկները, նա ասաց, որ դա վաչապետի ծառայողական առանձնատունն է, մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է վրդովվում, չէ որ դա ծառայողական առանձնատուն է, պատասխանեց, թե դա արդար չէ, այս ունեցվածքն իրենց հարկերի շնորհիվ է ձևավորվել, այդ հարկերը պետք է ավելի խելամիտ ծախսվեն»,- պատմեց Կարեն Զադոյանը:

Իսկ ինչ վերաբերվում է մեր իրականությանը, նա ծավալուն նկարագրություններ չներկայացրեց` միայն նշելով, որ յուրաքանչյուր քաղաքացուն էլ քաջ հայտնի է` ինչ ունեցվածքներ ունեն մեր պաշտոնյանները:

Քննարկման ժամանակ մասնակիցները ներկայացրին սեփական դիրքորոշումները Կապանում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ, ինչպես նաև կիսվեցին իրենց գաղափարներով, որոնք միտված են այդ երևույթի դեմ պայքարին:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ