Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Վերնիսաժի» գործով դատական նիստը սկսեց 30 րոպե ուշացումով: Դատական նիստին ներկա էին պաշտպանական կողմը, դատախազը, ամբաստանյալներից` Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը:
Նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Գոռ Առաքելյանը. Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից հայտնել էին, որ վատացել է ամբաստանյալի ինքնազգացողությունը, ինչի հետևանքով նա ներկայանալ չի կարողացել:
Մարզերից մեկում անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու պատճառով նիստին չէր ներկայացել նաև Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Դատական նիստը հետաձգվեց: Ներկաները դահլիճից իրենց դժգոհությունն էին հայտնում նիստի օրը շատ ուշ նշանակելու առթիվ` «էս տարի գոնե կպրծնե՞ք», «նիստը կոմեդիա եք դարձրել», այնուամենայնիվ, կողմերի զբաղվածությունը հաշվի առնելով, դատարանը վճռեց հաջորդ դատական նիստը նշանակվել հոկտեմբերի 20-ին:
Ինչպես հայտնել էինք նախորդ դատական նիստին դատախազ Հարություն Սարգսյանը հանդես էր եկել մեղադրական ճառով, ներկայացնելով մեղադրական եզրակացությունն ու միջնորդելով Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Վալերիկ Հովհաննիսյանին` 2.5 տարվա, Ներսես Մելքոնյանին`2 տարվա:
Զ.Մանուչարյան