«Վերնիսաժի» գործով ամբաստանյալը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվում է քննվել նախորդ տարի մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի մոտ  արձակված կրակոցների գործը:

Նիստի սկզբում դատարանը ներկայացրեց ամբաստանյալ Գոռ Առաքելյանի վերաբերյալ դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության արդյունքները: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ Գոռ Առաքելյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, ուստի իր արարքների համար կարող է ճանաչվել մեղսունակ:

Նշենք, որ դատական նիստն այսօր հետաձգվեց,  քանի որ դատախազը պատրաստ չէր  հանդես գալ մեղադրական ճառով:  Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին ժամը՝ 15:00-ին:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն ՝ 31-ամյա Վալերիկ Հովհաննիսյանը իր ընկեր 37-ամյա Ներսես Մելքոնյանի հետ  2014թ. մայիսի 17-ին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ  վիճաբանել է Գոռ Առաքելյանի հետ:

30-ամյա Գոռ Առաքելյանն  ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակով  փորձել է դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս:

Վեճի ընթացքում Վալերիկ Հովհաննսիյանն ու Ներսես Մելքոնյանն էլ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ բարձրաձայն տալով սեռական բնույթի հայհոյանքներ: Սրանից բացի ընկերները բռնության գործադրմամբ  հարվածել   են Գոռ Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Նշենք նաև, որ երեք ամբաստանյալների համար էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել