Երբ դատավորի «քիչ հետո»-ն ժամեր է տևում. «Վերնիսաժ»-ի գործ

Նախորդ տարվա մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի մոտ հնչած կրակոցների գործով այսօրվա դատական ամբողջ նիստը նվիրվեց «Նուբարաշեն»հոգեբուժական հիմնարկից ստացված գրության քննությանը: Դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հայտարարեց, որ «Նուբարաշեն» հոգեբուժական հիմնարկից գրավոր փաստաթուղթ է ստացվել այն մասին, որ ամբաստանյալ Գոռ Առաքելյանի հանդեպ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու համար հանձնաժողով է ստեղծվել և փաստաթղթում նշված էր հանձնաժողովի կազմը:

Սակայն հանձնաժողովի անդամների անուններից բացի նշված չէր նրանց պարտականություններն ու մասնագիտացումը: Ընդմիջում հայտարարվեց` պարզելու համար հանձնաժողովում ներառված փորձագետների մասնագիտացումները: Սակայն 15 րոպեից ավելի ընդմիջման ընթացքում այդպես էլ հնարավոր չէր եղել պարզել ոչինչ:

Միայն հայտնի էր, որ հանձնաժողովում ներառված Էլդա Գրինը հոգեբան է: Մեղադրող դատախազը նշեց, որ ցանկալի կլիներ, որ բացի նրանից այլ հոգեբաններ նույնպես ներառվեն հանձնաժողովում, սակայն հանձնաժողովի անդամների դեմ առարկություն չուներ: Պաշտպանական կողմը նույնպես հանձնաժողովի կազմի վերաբերյալ որևէ առարկություն չուներ:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ` հարցի վերաբերյալ որոշում ընդունելու համար` հայտարարելով, որ որոշումը կհրապարկվի «քիչ հետո»: Սակայն աշխատանքային օրվա ավարտից 10-15 րոպե շուտ միայն նիստը վերսկսվեց (իսկ դատական նիստը նշանակված էր ժամը 15-ին): Դատարանը որոշել էր փորձաքննությունը հանձնարարել դատահոգեբույժների և դատահոգեբանների:

Այնուհետև ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի հանդեպ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին` հայտնելով, որ պատրաստ են վճարել այնքան, որքան դատարանը գրավի չափ կսահմանի: Միջնորդությունը քննելու համար դատարանը անցավ խորհրդակցական սենյակ:

Նշենք նաև, որ նախորդ նիստին Ներսես Մելքոնյանի պաշտպանները նույնպես իրենց պաշտպանյալի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդություն էին ներկայացրել, սակայն այսօրվա նիստին փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ հրաժարվում են միջնորդությունից և խնդրեցին առանց քննության թողնել այն:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել