Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվում է քննվել նախորդ տարի «Վերնիսաժ»-ի մոտ արձակված կրակոցների գործը:
Այսօրվա նիստին ներկա էին ամբաստանյալներ Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանը, Ներսես Մելքոնյանն ու իրենց պաշտպանները. նիստին չէր ներկայացել գործով դատախազ Հարություն Սարգսյանը, որի պատճառով էլ նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր. քանի որ դատախազը պատրաստ չէր հանդես գալ մեղադրական ճառով:
Հիշեցնենք նաև, որ, համաձայն մեղադրական եզրակացության, 31-ամյա Վալերիկ Հովհաննիսյանը իր ընկեր 37-ամյա Ներսես Մելքոնյանի հետ 2014թ. մայիսի 17-ին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել է Գոռ Առաքելյանի հետ: 30-ամյա Գոռ Առաքելյանն ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակով փորձել է դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս:
Վեճի ընթացքում Վալերիկ Հովհաննսիյանն ու Ներսես Մելքոնյանն էլ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ բարձրաձայն տալով սեռական բնույթի հայհոյանքներ: Սրանից բացի ընկերները բռնության գործադրմամբ հարվածել են Գոռ Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Նշենք նաև, որ երեք ամբաստանյալների համար էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Զառա Մանուչարյան