Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը բյուջեից հատկացվում է 16 մլն 537 հազար դրամ, որից` ինն ամսում 4,134.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով): Կառավարության որոշումն արդեն պաշտոնապես հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:
Հիշեցնենք, որ այս որոշման նախագիծը ներառվել էր կառարության սեպտեմբերի 17-ի նիստում, սակայն հարցը հանվել էր, կառավարությունը այն հաստատեց սեպտեմբերի 25-ի նիստին:
Այս գումարի հատկացման անհրաժեշտությունը նախագծում պայմանավորվում է հետևյալ կերպ՝ ՀՀ հատուկ քննչական Ծառայության քննչական գործունեության ծանրաբեռնվածությունից ելնելով անհրաժեշտություն է առաջանում հաստիքացուցակի հաստիքների ավելացման, որն ուղղված պետք է լինի քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն, որը միարժեքորեն կնպաստի առկա լարվածության նվազեցմանը, հետևաբար նաև քննության որակի բարձրացմանը, ինչպես նաև կբացառի ծանրաբեռնվածության պատճառով Ծառայության որակյալ կադրերի հնարավոր հեռանալը: Կատարված վերլուծության և հաշվարկի արդյունքում պարզվել է, որ Ծառայության հաստիքակազմը անհրաժեշտ է ավելացնել ևս 7 ՀԿԳ ավագ քննիչների հաստիքներով:
Նշվում է, որ հաստիքակազմի ավելացումը պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որպիսիք Ծառայությունը չունի:
Նախագիծը ներկայացրել էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: