Ու՞մ և ինչու՞ «ժանգոտ կողպեք» տրվեց

Որևէ երկիր երաշխավորված չէ կոռուպցիոն գործընթացներից և դրանց դեմ պայքարի լավագույն գործիքներից մեկը պետական կառույցների կողմից հրապակային աշխատանքն է: Հենց թափանցիկ աշխատելաոճը խթանելուն է ուղղված «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը, որն արդեն 13-րդ անգամ է այս տարի կազմակերպվում: Մրցանակաբաշխությունը սկսել է կազմակերպվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունումից ի վեր:

Այս տարի միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, կառավարության և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Այս տարի 9 «Ոսկե բանալի» հանձնվեց և մեկ «Ժանգոտ կողպեք»:

«Ոսկե բանալի» ստացավ Կոտայքի մարզպետարանը՝  որպես ամենաբաց գերատեսչություն, որը  լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը:

Տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ ճանաչվեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար մրցանակ տրվեց ՀՀ կառավարության աշխատակազմին:

«Բաց կառավարման գործընկերություն» շրջանակներում լավագույն նախագծի իրականացնող ճանաչվեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքը:

Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն:

Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահետևողական պայքարող իրավապաշտպան ճանաչվեց «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը:

 «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց հայտարարվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի բաժինը: Իսկ տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց «Ազատության» ռադիոկայանի հայաստանյան գրասենյակը:

 «Ժանգոտ կողպեք»-ն այս տարի տրվել է Արմավիրի մարզպետարանին՝ զավեշտալի պատասխան տալու համար: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը պատմեց, որ տեղի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից մեկը խնդրել է տրամադրել մարզպետարանի տարեկան բյուջեն, ի պատասխան դրա ստացել է պատասխան, որ պատրաստ են տրամադրել այդ փաստաթուղթը, եթե դրա յուրքանչյուր էջի համար 100 դրամ վճարում կատարվի: Այսինչ, այդ փաստաթղթի հրապարակայնությունն ապահովելը մարզպետարանի պարտականությունն է: Ի դեպ, այս նույն մրցանակին Արմավիրի մարզպետարանը ստացել է նաև 2007 թվականին:

Նշենք նաև, որ մրցանակաբաշխությունն կազմակերպվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ:

Իրավաբան.net

Իրադարձություններ

Իրադարձություններ