Ընդունելության քննություննները, որոնք իրենց մեջ են ներառում միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունները, կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Համաձայն ՀՀ կառավարության N 597-Ն որոշման՝ միասնական քննությունների տևողությունն է`
1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների քննությունները` 180 րոպե.
2) «Օտար լեզու» առարկայի քննությունը` 150 րոպե:
Կենտրոնացված քննություններն այն քննություններն են, որոնք հնարավոր չէ անցկացնել թեստերի միջոցով` ելնելով տվյալ քննական առարկաների առանձնահատկություններից:
Կենտրոնացված քննություններն են գրավոր (ստեղծագործական) քննությունը և «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) առարկաների բանավոր քննությունները:
Կենտրոնացված քննությունների տևողությունն է`
1) գրավոր (ստեղծագործական) քննությունը` 240 րոպե.
2) բանավոր քննությունների ժամանակ յուրաքանչյուր դիմորդին քննելու առավելագույն ժամանակը՝ 30 րոպե:
ՀՀ ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը:
Դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը` ժամը 18:00-ն:
ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, տվյալ ուսումնական տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ավարտած ՀՀ քաղաքացիները, տվյալ տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները դիմում-հայտում փոփոխություններ կարող են կատարել՝ մինչև տվյալ տարվա հուլիսի 2-ը` ժամը 18:00-ն: