Արդարացման դատավճիռ. խոշոր չափերով կաշառքի գործով ամբաստնյալներն արդարացվել են, դատարանի դահլիճից ազատ արձակվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ամբաստանյալի աթոռին են եղել 43-ամյա Արմեն Լաբլաջյանը և 69-ամյա Հենրիկ Մարտիրոսյանը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Լաբլաջյանը ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 11-Ա հրամանով ընդգրկված է եղել վերահսկիչ գործունեությամբ լիազորված ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության ինչպես նաև բնության հատուկ պահպանվող և դրանց հարող տարածքներում պատահական ստուգումներ կազմակերպելու նպատակով ստեղծված «արագ արձագանքման» աշխատանքային խմբի կազմում որպես ղեկավար:

Հիշյալ հրամանի ուժով, ժամանակավորապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի և վարչատնտեսական գործառույթներ հովանավորչության և թողտվության համար «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Հենրիկ Մարտիրոսյանից 2014 թվականի մայիս ամսին պահանջել և Զարզանդ Կարապետյանի փոխանցմամբ ստացել է ընդհանուր խոշոր չափերի հասնող՝ 412.740 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դատավարության ժամանակ Արմեն Լաբլաջյանն ու Հենրիկ Մարտիրոսյանն իրենց մեղսագրված արարքում մեղավոր չեն ճանաչել: Արմեն Լաբլաջյանն ասել է, որ Հենրիկի հետ մտերիմ ընկերական հարաբերություններ է ունեցել. Դիլիջանում ընկերական հանդիպման ժամանակ Հենրիկից պարտքով 1000 դոլար է ուզել՝ աշխատասենյակը վերանորոգելու համար: Եվ ընկերեներից Զարզանդի միջոցով Հենրիկը Դիլիջանից ուղարկել է այդ գումարը: Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Հենրիկ Մարտիրոսյանը:

Գործի քննությունից պարզ է դարձել, որ դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ Ա․Լաբլաջյանին և Հ․Մարտիրոսյանին մեղսագրվող հանցավոր արարքների փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:

Ուստի դատարանը վճռել է Արմեն Լաբլաջյանին և Հենրիկ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը վճռել է նաև Լաբլաջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացնել և նրան անհապաղ ազատել կալանքից՝ դատական նիստի դահլիճում։

Դատավճիռը հրապարակվել է սեպտեմբերի 22-ին և մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել:

Զ. Մանուչարյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ