‹‹Ձեզ համար ոչինչ չի եղել, տարի ու կես տառապում եմ››. ամբաստանյալ քրոջ գործով հարցաքննվեց դատապարտյալ քույրը

Հայաստանցի կանանց Դուբայում թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվող 39-ամյա Հերիքնազ Խաչատրյանի գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նրա քրոջ` Բավական Խաչատրյանի հարցաքննությունը: Վերջինս մեկ տարի առաջ դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ քրոջ հետ նույն խմբի մեջ կանանց հավաքագրելու և թրաֆիքինգի ենթարկելու համար:

Ի պատասխան Հրանտ Գևորգյանի հարցերին` նա  հայտարարեց, որ ինքն ընդհանրապես իր քրոջ հետ  որևէ առնչություն չի ունեցել, նրա հեռախոսահամարը չգիտի, հետևաբար, «իր բռնած գործերի հետ» Հերիքնազը կապ չէր կարող ունենալ: Իր խոսքով  քրոջ դեմ ցուցմունք է տվել իր հանդեպ կիրառված խորթ միջոցների հետևանքով. «Ոստիկանության 6-րդ վարչությունում ինձ ծեծել, ջարդել են ու սպառնացել, որ իրենց ուզած ցուցմունքը  չտամ, մորս ու ախպորս ինձ հետ կտանեն, կփակեն: Ասում էին, մի մտածի քրոջդ  համար, իրան չեն կարա բռնեն, որովհետև Հայաստանում չի»:

Նա նաև դատարանին հայտնեց, որ իր տված նախաքննական բոլոր ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը և այդ ամենը արվել է քննիչի միջամտությամբ, իսկ պաշտպանը հորդորել է իրեն լռել, քանի որ քննիչը իրեն խոստացել է ազատություն` հենց դատարանի դահլիճից:

Համաձայն քրեական գործում եղած վերծանումների՝  ամբաստանյալի պաշտպանը հրապարակեց 10 հեռախոսահամար և Բավականը չհերքեց, որ հեռախոսահամարները պատկանում են իրեն: Մինչդեռ հետաքննությունը պարզել է, որ  այդ հեռախսահամարներից  զանգեր են  կատարվել Դուբայի 38 տարբեր համարների: Հերիքնազի խոսքով ինքը  խոսել է միայն իր ընկերուհի Անոյի հետ, ով ևս տարբեր համարներից է օգտվել:

Բավականը դատարանին հայտնեց նաև, որ իրականում ինքը գործով անցնող տուժողներ Ելենային ու Աննային առաջարկել է գնալ աշխատել Դուբայում  գտնվող Անոյի մոտ. «Տեսել էի, որ  Ելենան երակները կտրում է, բայց իմ դիմաց չէր արել: Մտածեցի կգնա, նորմալ կաշխատի, իսկ Անոն էլ հոգացել էր նրանց ճանապարհածախսը և Դուբայում դիմավորել»:

Ամբաստանյալի պաշտպանը որոշակի հակասություններ տեսնելով  Բավականի տված ցուցմունքներում` դատարանից խնդրեց հարապարակել նախաքննության ընթացքում տուժողների հետ կատարված առերեսման ցուցմունքը ՝ Վահագն Խաչատրյանի մասով: Բավական խաչատրյանը հայտարարեց, որ այդ ցուցմունքներում իր ստորագրությունը չի դրված և քննիչը դարձյալ կեղծել է:

Իսկ  նախագահող դատավոր Արշակ Վարդանյանին այն հարցին, թե ինքը  մարդկանց անձնագրերի հարցերով երբևէ  զբաղվե՞լ է, Բավականը պատասխանեց, որ միայն  Ելենայի ու Աննայի, այն էլ նրանց խնդրանքով, իսկ իր լավության դիմաց Անոն Դուբայից իրեն նվերներ է ուղարկել:

Այնուհետև Բավականին հարցաքննեց դատախազը: Նրան հետաքրքրում էր, ինչպես Անոյի հետ այդքան մտերիմ լինելով, չգիտի նրա ազգանունը և հասցեն.‹‹Մենք շատ մոտ ենք եղել, ինքը միշտ նեղ պահին իմ կողքին է եղել: Բայց իմ ինչին էր պետք նրա ազգանունը իմանալ, մենք իրար տուն էլ չենք գնացել››:

Բավական Խաչատրյանի հարցաքննությունը ավարտելուց  հետո դատարանը թույլատրեց նրան վերադառնալ քրեակատարողական հիմնարկ, որից հետո  պետք է հարցաքննվեր ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանը:

Պաշտպանը դատարանին միջնորդեց, որպեսզի ժամանակ տրամադրվի`իր  պաշտպանյալի հետ զրուցելու համար, մինչդեռ Հերիքնազ Խաչատրյանը հրաժարվեց հարցաքննությունից և սկսեց գոռալ նիստերի դահլիճում. «Ես ինձ լավ չեմ զգում: Ձեզ համար ոչինչ չի եղել, տարի ու կես տառապում եմ, չգիտեմ ինչի համար: Եթե դուք ինձ չեք հավատում, Աստված գիտի:Եթե ես արած լինեի, չէի  վախենա»,- հայտարարեց Հերիքնազ Խաչատրյանը:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել