Կոռուպցիայի բացառումն առողջապահության ոլորտում, և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը ծրագրի շրջանակներում խնդիր է դրվում պայքարել կոռուպցիայի դեմ՝ հնարավորինս բացառելու կոռուպցիան Վանաձորի հիվանդանոցային համալիրի երկու՝ ծննդօգնության և մանկական բաժանմունքներում: Այն իրականացվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:
Դրամաշնորհի ընթացքում հարցումներ են իրականացվել 300 քաղաքացիների և բուժաշխատողների միջև:
Հետազոտություններն անցկացնում են լրագրողների «Սելեն» ակումբ ՀԿ-ն՝ «Լոռու ՄԻԳ» ՍՊԸ -ի հետ համագործակցությամբ: «Սելեն» ակումբի նախագահ Նարինե Խաչատրյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ բուժաշխատողները կոռուպցիայի դիմում են ցածր աշխատավարձի պատճառով:
«Բուժաշխատոները հիմնականում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը տեսնում են նրանում, որ իրենց աշխատավարձը ցածր է: 100 հոգուց 80-ը խնդիրը դրա մեջ են տեսնում, սակայն մյուս կողմից ծննդօգնության բաժանմունքի բժիշկները շատ նորմալ էլ ստանում են, բայց չգիտես ինչու՝ կոռուպցիոն ռիսկերը շատ են»:
Խնդիրն, ըստ ՀԿ նախագահի, հետևյալ բնույթն ունի. «Ավանդական ձևով ծննդաբերության ժամանակ, պետությունը տրամադրում է 106 հազար ՀՀ դրամ, իսկ կեսարյանի դեպքում՝ 160 հազար: Ինձ թվում է, որ այստեղ է թաքնված կոռուպցիոն ռիսկը, որ պետության միջոցները փոշիանում են, քանի որ ամեն մի չնչին խնդրի հետ կապված կեսարյան են անում, վառ օրինակ է այն, որ 15 հիվանդից 6-ն արդեն կեսարյանով էր ազատվել»:
Նա նաև փոխանցեց, որ հավաստագրերի ներմուծման հետ մեկտեղ հիվանդ-բժիշկ հարաբերություններում կոռուպցիոն ռիսկերը նվազել են:
Իսկ հիվանդները հարցաթերթիկներում նշել են, որ կրկին գումար են տալիս, բայց ոչ բժիշկներին, այլ կրտսեր աշխատողներին:
Հարցումների ընթացքում բժշկի նվազ աշխատավարձի մասին բարձրաձայնել են նաև հարցված քաղաքացիները. «Նրանք ասում էին, որ բժշկի աշխատավարձը քիչ է, դրա համար էլ նրանք մեր ձեռքին են նայում: Նրանք ասել են, որ ուղղակի չեն ուզում, սակայն հասկացնում են, որ պետք է կաշառք տալ»,- եզրահանգեց տիկին Խաչատրյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ: