Ինչպես ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, օգոստոսի 4-ին կառավարության աշխատակազմը պայմանագիր է կնքել երեք ընկերությունների հետ՝ կառավարական դահլիճների վերանորգման, ներքին հարդարման, տեխնիկայի մոնտաժման և օժանդակ ձևավորման աշխատանքների համար: Եվ այս ամենի համար վճարվել է 43,4 միլիոն դրամ (շուրջ 90.5 հազար դոլար):
Սակայն կառավարության դահլիճների վերազինումն այսքանով չի ավարտվել: Օգոստոսի 24-ին պայմանագիր է կնքվել «Օվացիա» պրոդյուսերական ընկերության հետ՝ խոսափողների և բարձրախոսների հավաքածուի ձեռքբերման համար: Պայմանագրի արժեքը 41 միլիոն 450 հազար դրամ է: «Օվացիա» ընկերությունը պայմանագրով ստանձնած պարտավորությունները պետք է կատարի մինչև սեպտեմբերի 14-ը:
Այս գնումը իրավական հիմնավորումը Կառավարության օգոստոսի 6-ի 869-Ն որոշումն է, որով 41 միլիոն 450 հազար դրամ է հատկացվել կառավարության աշխատակազմին՝ կառավարության պահուստային ֆոնդից՝ վարչական սարքավորումների գնման համար:
Նշենք նաև, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին կառավարության աշխատակազմը պայմանագիր էր կնքել «ՎԵԿՍ» ընկերության հետ՝ կառավարական երեք դահլիճների վերանորոգման համար: Պայամանգրի արժեքը 214 միլիոն դրամ էր: Իսկ շինարարական աշխատանքները ավարտելու վերջնաժամկետը այս տարվա ապրիլի 30-ը:
Այսինքն՝ մինչ օրս կառավարական դահլիճների վերանորոգման և վերազինման համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 300 միլիոն դրամ (650 հազար դոլար): Ու դեռևս հայտնի չէ, թե էլ ինչ նոր կարիքներ կառաջանան՝ այս դահլիճներն առավել հարդարված ու տեխնիկապես հարուստ տեսք ունենալու համար:
Աստղիկ Կարապետյան