Հյուրընկալության համար Երևանի քաղաքապետարանի 8 միլիոն դրամի ծախսը անարդյունավետ է.  ավագանու անդամ

Երևանի քաղաքապետի հրավերով ապրիլի 29-ից մայիսի 2-ը պաշտոնական այցով Երևանում է եղել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը:

Իրավաբան.net-ը հայտնել էր, որ ապրիլի 27-ին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի հետ` հյուրանոցային ծառայությունների և հյուրանոցի համարներում հյուրասիրություն կատարելու համար: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 միլիոն դրամ (մոտ 6 հազար դոլար):

Սակայն պարզվում է, որ պատվիրակության շքեղ ընդունելությունը չի սահմանափակվել միայն հյուրանոցային բարձր կարգի համարներում հյուրընկալությամբ (գիշերելու համար հատկացված են եղել «նախագահական», «կիսանախագահական» և «լյուքս» համարներ):

Հյուրասիրության ծառայությունների համար ապրիլի 22-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Գոլդ ՌԵՍՏ» ընկերության հետ` մայիսի 1-ին պատվիրականության համար ճաշ և ընթրիք մատուցելու համար: Ծառայության արժեքը կազմել է 1.5 միլիոն դրամ:

New Picture

Քաղաքապետարանը պաշտոնական հյուրասիրություն կատարելու համար ապրիլի 27-ին պայմանագիր է կնքվել նաև անհատ ձեռներեց Սամսոն Շառոյանի հետ: Պայմանագրի կատարման վերջնաժամկետը եղել է մայիսի 2-ը: Մեկանգամյա այս հյուրասիրության արժեքը եղել է  1 միլիոն 350 հազար դրամ:New Picture (2)

Եվս մեկ պաշտոնական հյուրասիրության ծառայության պայմանագիր ապրիլի 27-ին քաղաքապետարանը կնքել է «Ֆրիզե» ՍՊԸ-ի հետ, որի կատարման վերջնաժամկետը եղել է մայիսի 2-ը: Այս դեպքում մեկանգամյա հյուրասիրության արժեքը եղել է 2 միլիոն 465 հազար դրամ:

New Picture (3)

Փաստորեն, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պատվիրակության 3-օրյա այցը Երևանի քաղաքապետարանի բյուջեի համար արժեցել է 8 միլիոն 315 հազար դրամ (մոտ 17 հազար դոլար):

անահիտ-բախշյան-440x293Արդյո՞ք արդարացված է նման ծախսը հարցին ի պատասխան, Իրավաբան.net-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ  կասկածի տակ չպետք է դրվի հյուրերին պատշաճ հյուրընկալելու հարցը, սակայն մյուս կողմից` պետք է հասկանալ նաև, թե ինչ ստացավ քաղաքն այդ ծախսի արդյունքում:

«Հաշվետվողականությունը, ծախսի արդյունավետության  գնահատման տեսակետից, մենք չենք տեսնում: …Երբ հազար պրոբլեմներ կան քաղաքում, որոնց մասին  երբ խոսում ես, ասում են` փող չկա, ապա սա մեր հայկական ասացվածքին հակասում է` ոտքերդ վերմակիդ համապատասխան մեկնիր: Եթե քաղաքում ունես խնդիրներ, որոնք այդ գումարով կարող ես լուծել, բայց չես անում և ավելի շքեղ պայմաններում ես հյուրընակալություն անում, ապա սա անարդյունավետ ծախս է»,- ասաց Ա. Բախշյանը:

Նա նշեց նաև, որ ավագանու անդամները ծախսերի վերաբերյալ հաշվետվություն չեն ստանում, միայն ծանոթանում են նախատեսված ծախսերին և թե որքան է ծախսվել:IMG_7924-440x293

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի փորձագետ Մարատ Ատովմյանը նույնպես այն կարծիքին է, որ հատկապես պետական խողովակով հյուրընկալվողներին պետք է պատշճած կերպով հյուրընկալել: Իրավաբան.net-ի հետ զրույցում սակայն նա նշեց, որ պատշաճ և ոչ պակաս որակյալ հյուրընկալություն կարելի է կազմակերպել ավելի համեստ միջոցներով:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, բնակչության աղքատությունը 30 տոկոսից բարձր է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, հավանաբար, 50 տոկոսից բարձր, ապա, չեմ կարծում, որ այդպիսի գումարներ կարող են ծախսել արտասահմանցի հյուրերի համար ճոխ ընդունելություններ կատարելու համար: Պետք է վերանայել այդ մոտեցումը»:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ