Նորություններ

Երեխաների իրավունքների պաշտպանություն` համատեղ ուժերով

Գեղարքունքի ՇՊԱԿ-ը կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները ուժեղացնելու նպատակով օգտագործում է մարզում առկա բոլոր հնարավոր ռեսուրսները, համագործակցում գործող տարաբնույթ պետական և ոչ պետական կառույցների հետ:
ՇՊԱԿ դիմած այցելուներից մեկի հիմնախնդրի առնչությամբ համագործակցություն ձևավորվեց Գեղարքունիք ՇՊԱԿ-ի և մարզում գործող երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող “Աստղացոլք” ՀԿ-ի միջև:
Գեղարքունիքի ՇՊԱԿ էր դիմել հիվանդ թոշակառու, ում չորս անչափահաս թոռները (դստեր երեխաները)` երեք, հինգ, ութ և տասը տարեկան, պարբերաբար մնում էին առանց ծնողական խնամքի: Նրանց հայրը մահացել էր, իսկ մայրը չէր իրականացնում երեխաների պատշաճ խնամք, տևական ժամանակահատվածով հեռանում էր` երեխաներին թողնելով միայնակ:
Կենտրոն դիմած քաղաքացին` երեխաների տատը, բնակվում է այլ մարզում և հիվանդության ու սոցիալապես անապահով լինելու հետևանքով չի կարող հանդես գալ որպես խնամակալ: Նրա հավաստմամբ, ինքը երեխաների իրավունքների պաշտպանության ու խնամակալության հարցով դիմել է ՏԻՄ ու ոստիկանություն, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Մինչդեռ, ՏԻՄ-ի պետության կողմից պատվիրակված լիազորություններից է ունենալ խնամակալության և հոգաբարձության մարմին, որն անհրաժեշտության դեպքում քայլեր է ձեռնարկում երեխաների իրավունքների պաշտպանության գծով:
Քանզի երեխաների բնակության վայրի և ՇՊԱԿ-ի միջև հեռավորությունը բավականին մեծ էր, ՇՊԱԿ-ը փնտրեց կապեր` գործի լուծման ընթացակարգի մշտադիտարկումն ապահովելու համար: Կենտրոնը կապ հաստատեց “ՅՈՒՆԻՍԵՖ”-ի հայաստանյան գրասենյակի հետ, որտեղից կենտրոնին տրամադրվեցին երեխաների բնակության վայրում գործող “Աստղացոլք” ՀԿ-ի կոնտակտային տվյալները: Այս կազմակերպությանը ներկայացնելով գործի հանգամանքները` ձեռք բերվեց պայմանավորվածություն. ՀԿ-ի ներկայացուցիչը այցելեց տեղի գյուղապետարան: Հիմնախնդրի քննարկման, արդյունքում ՏԻՄ-ը պարտավորվել է ստանձնել իր` օրենքով սահմանված պարտավորությունները` երեխաների խնամակալության հարցով, իսկ գործընկեր ՀԿ-ն գործընթացի նկատմամբ լինելու է հետևողական:
Մինչ կենտրոն դիմելը` բնակիչը գտնվում էր անորոշ ու անօգնական վիճակում, քանի որ պատշաճ մարմինը չէր կատարել իր պարտավորությունները: Այժմ երեխաների մայրը նրանց մոտ է, ՏԻՄ-ի կողմից ստացել է զգուշացում` իր ծնողական պարտականությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Նրա հեռանալու կամ ոչ պատշաճ խնամք իրականացնելու պարագայում գյուղապետարանը կլուծի երեխաների խնամակալության հարցը: Այժմ կենտրոն դիմած քաղաքացին իրեն պաշտպանված է զգում, քանզի իրեն հուզող խնդիրը լուծված է:

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել