Դպրոցի տնօրենը կեղծ տեղեկություններով փաստաթղթեր է կնքել. գործը դատարանում է

39-ամյա Վիոլետա Շահինյանը մեղադրվում է կեղծ տեղեկություններով փաստաթղթեր կնքելու և պետությանը վնաս հասցնելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝  2011թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2013 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Վիոլետա Շահինյանը աշխատել է Շիրակի մարզի Ղազանչիի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրենի պաշտոնակատար:

Հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ հունիսի 29-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ ՌԴ-ում գտնվելու պատճառով աշխատանքի չի հաճախել, ապա ՌԴ-ում գտնվելու հանգամանքը թաքցնելու անձնական այլ շահագրգռվածությունից, ինչպեսև շահադիտական դրդումներով իր ստորագրությամբ հաստատել, կնքել և վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի, աշխատավարձերի վճարման 2012 թվականի հունիս և հուլիս ամիսների իր կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը և դրանք ներկայացրել վճարման:

Նշվածի արդյունքում Վիոլետա Շահինյանը իր պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով հիշյալ ժամանակահատվածում իր անվամբ անհիմն ելքագրված աշխատավարձի զգալի չափերի՝ 83.283  դրամ գումարը ստանալով՝ յուրացման եղանակով հափշտակել է:
Բացի սրանից՝ նա 2012թ հունիսի 29-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ, գտնվելով ՌԴ-ում և նույն պատճառաբանությամբ չհաճախելով աշխատանքի, ՀՀ-ից բացակայելու հանգամանքը թաքցնելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրավասու չլինելով իր բացակայության ընթացքում արձակել հրամաններ, ետին ամսաթվով` 2012թ հուլիսի 4-ի թվագրմամբ կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ` ՀՀ Շիրակի մարզի Ղազանչիի միջնակարգ դպրոցի մանկավարժական, վարչական և վարչասպասարկող կազմին հերթական արձակուրդի մեջ համարելու մասին հրամաններ, որոնցում կեղծ տեղեկություններ է մտցրել տրված հրամանների ժամանակի վերաբերյալ:

Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ