Կոռուպցիայի դեմ պայքար. ո՞ր դեպքում, ըստ Հովհաննես Մանուկյանի, խորհուրդը լավ չի աշխատի

Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների արդարադատության նախարարները մարտի 5-ին կնքեցին արդարադատության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Լիտվայի արդարդատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցել տարբեր ոլորտներում:

Ճեպազրույցի ընթացքում նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ լիտվացի գործընկերոջ հետ ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև հակակոռուպցիոն պայքարը և պրոբացիոն ծառայության ներդրման խնդիրները:

Նախարարը, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդից, նշեց, որ այն խորհրդատվական մարմին է լինելու. «Այդ առումով մարմինը չունի գործադիր ֆունկցիաներ և նորմատիվ որոշումներ կայացնելու իրավունք: Այսինքն՝ դա ընդամենը մարմին է, որը քաղաքականությունը պետք է ձևավորի և համապատասխան առաջարկություններ ներկայացնի իրավասու պետական ատյաններին, ԱԺ-ին»,- ասաց պարոն Մանուկյանը՝ անդրադառնալով այն մտահոգությանը, թե խորհուրդը շոշափելի արդյունք չի տա. «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեմպ կտանք այդ աշխատանքներին, մոտակա և հեռահար ինչ խնդիրներ կդնենք: Հիմա կանխատեսել, թե ինչ կունենանք մեկ, երկու, երեք տարի հետո, շատ դժվար է, բայց եթե մենք չունենանք դրական արդյունք, դա նշանակում է՝ մենք լավ չենք աշխատել և հանրության առաջ պատասխանատվություն ունենք»,- ասաց նախարարը:

Իրավաբան.net-ի հարցին պատասխանելով, Հովհաննես Մանուկյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի թեման վերջին շրջանում շատ լայն է արծարծվում՝ հանրության մեջ և լրատվամիջոցներում. «Ես, իհարկե, չէի ուզի, որ մեր համատեղ ասուլիսը վերածվեր կոռուպցիայի հիմնախնդիրների քննարկման, ոնց որ, թե այդ ճանապարհով ենք շարժվում առաջ, բայց այդ խնդիրների վերաբերյալ՝ մասնավորապես հանրային սեկտորի ներկայացուցիչների և դժգոհությունների վերաբերյալ, մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, փորձել ենք մեր տեսակետը պարզաբանել, բայց որքանով է հաջողվել հանրությանը պարզաբանել մեր պատասխաններով, ես կդժվարանամ ասել: Բնականաբար, չեմ ակնկալում, որ բոլորը գոհ կլինեն մեր լուծումներից և մեր մոտեցումներից, բայց այն ինչ-որ մենք ընդունել ենք, համարել ենք այս պահի համար օպտիմալ և փորձելու ենք այնպիսի մրցույթային կարգ սահմանել, որը հնարավորություն կտա այս ոլորտի ՀԿ-ների ներգրավվել: Ներգրավվել նրանց, ովքեր իսկապես շահագրգիռ են խնդրով, ովքեր իսկապես փորձառություն ունեն և ովքեր իսկապես կոնսուլտատիվ մարմնին՝ խորհրդին, կարող են լավ գաղափարներ ներկայացնել՝ ճիշտ քաղաքականություն ձևավորելու համար»,- ասաց նախարարը:

Կարդացեք նաև՝

Վարչապետը «փակեց» Հակակոռուպցիոն խորհրդի «թեման»

Ինչպե՞ս հաջողության հասնել կոռուպցիայի դեմ պայքարում

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ