ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը արդյունավետ չի կարող գործել. Իրավաբան.net-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի» վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա խոսքով, մտահոգիչ են այս կառույցի թույլ լիազորությունները, և կազմը: Ինչպես հայտնի է, խորհուրդը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդամակցելու են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նաև հասարակական կազմակերպություններ:
«Անիմաստ կառույց է, կոռումպացվածներից հավաքված կառույց, որը փորձելու են ձևականորեն ցույց տալ թե պայքարում են: Բայց պայքարելու հնարավորություն չունի, ինքն իր դեմ չի կարող պայքարել: Պայքարող լինեին, առանց դրա էլ կպայքարեին»,- ասաց Ա. Սաքունցը:
Նրա խոսքով, կառույցը պետք է լինի անկախ և դրան պետք է լայն լիազորություններ տրվեն` հրահանգներ տալու, որոշումներ ընդունելու, վերահսկելու, պետական մարմիններից և պաշտոնական անձնանցից հաշվետվություններ պահանջելու և այլն: Ինչպես նաև պարտավորություն պետք է ունենա իր գործողությունների մասին պարբերաբար տեղեկացնել հանրությանը:
Իսկ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արմեն Դանիելյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ կառույցի արդյունավետ գործունեությունը կապված է անդամների կամքից. «Եթե ցանկություն կա պայքարելու կոռուպցիայի դեմ, և բոլոր շահագրգիռ կողմերն էլ հավաքվել են, ապա արդյունավետ կգործի, իսկ եթե չկա, ապա որևէ խորհուրդ չի օգնի այդ հարցում, ինչ կառույց էլ ստեղծվի, արդյունավետ չի գործի»: