Ինչպե՞ս վարվել, երբ անհրաժեշտությունից դրդված կայանել եք կանգառն արգելված վայրում

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդված 21-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ինչպե՞ս վարվել, երբ անհրաժեշտություն է առաջացել կատարել հարկադրված կանգառ ու դա արձանագրվել է նկարահանող սարքերի միջոցով:

Համաձայն ՀՀ կառավարության` 2007 թ. հունիսի 28-ի ՀՀ «Ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման 3-րդ մասի`

22. Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`
1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.
3) լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.
4) քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա): Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին:

Կետ 23. Վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նաև, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)`
1) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
2) կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նաև այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից:

Այս պահանջները կատարելուց հետո վարորդը պետք է կատարի ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` տրանսպորտային միջոցն այդ վայրից դուրս բերելու համար: Ելնելով վարորդներին ժամանակին զգուշացնելու անհրաժեշտությունից` «Վթարային կանգառ» նշանը (թարթող կարմիր լապտերիկ) տեղադրվում է բնակավայրերում` տրանսպորտային միջոցից ոչ պակաս 15 մ, իսկ բնակավայրերից դուրս` 30 մ հեռավորության վրա:

Շատ կարևոր է իմանալ, որ ուղևորի կամ վարորդի առողջական վիճակի պատճառով հարկադրված կանգառի դեպքում անհրաժեշտության դեպքում պետք է ներկայացնել տեղեկանք առողջության մասին տրված համապատասխան բժշկի կողմից: Հակառակ պարագայում պատճառաբանությունը հիմնավորված չի համարվի:

Տիգրան Մաթևոսյան

Իրավաբան, ՀԵԻԱ-ի անդամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել