«Կոտրիր կոռուպցիայի շղթան». հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն Երևանում

Կոտրիր կոռուպցիայի շղթան: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հակակոռուպցիոն արշավի կարգախոսով այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Երևանում տեղի ունեցան հակակոռուպցիոն միջոցառումներ: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների Հակակոռուպցիոն Կոալիցիայի հետ համատեղ իրականացրեց ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն: Միջոցառմանը մեկնարկը տրվեց հակակոռուպցիոն ֆլեշ մոբով. մի խումբ երիտասարդներ կոռուպցիայի դեմ պայքարի կոչ արեցին ներկաներին, ամփոփելով ֆլեշ մոբը՝ օրվա կարգախոսով: Ֆլեշմոբին հաջորդեցին ողջույնի խոսքերը: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը նշեց. «ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոալիցիան և հակակոռուպցիոն ցանցը, որը բաղկացած է շուրջ 350 հանրային խմբերից` աշխարհի տարբեր երկրներում, կոչ է անում կառավարություններին լուրջ վերաբերել կոռուպցիայի դեմ պայքարին»:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյան ասաց, որ 2014 թվականը կոռուպցիայի դեմ պայքարում շատ կարևոր տարի էր. «Մենք նոր փուլ ենք անցնում, մշակում ենք նոր ռազմավարություն, նոր հակակոռուպցիոն մարմնի կոնցեպցիա և հաստատելու ենք այդ մարմինը այս տարի»,- ասաց փոխնախարարը:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա Նավարոն, կարևորելով միջոցառումը, ընդգծեց, որ Եվրոպական Միությունը արժևորում է գործընկեր կազմակերպությունների ջանքերը` Հայաստանում հակակոռուպցիոն բնույթի պայքարում. «Եվրոմիության պատվիրակությունը մեծ պատիվ ունի այսօր մասնակցելու այս մրցանակաբաշխությանը և դրանով իր ներդրումն ունենալու կոռուպցիայի դեմ պայքարին Հայաստանում»,- ընդգծեց Խոսե Մարիա Մեդինա Նավարոն:
Մրցանակաբաշխությունը սկսվեց ֆիլմերի դիտումով: Հակակոռուպցիոն մրցանակները սահմանված էին 3 անվանակարգերում` տավա քաղաքացի, լրագրող և քաղաքացիական հասարակության կազմակերպություն: Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար տարվա քաղաքացի մրցանակին արժանացավ Հրաչյա Ավետիսյանը. «Կցանկանամ` մարդիկ հավատան, որ հնարավոր է պայքարել ու հասնել հաջողության: Թեկուզ քիչ-քիչ, բայց լինում են դեպքեր, միգուցե բացառություններ, որոնցից մեկն էլ մեր ընտանիքն ա, որ երկու` և՛ կնոջս գործերով, և՛ իմ, տարբեր դատական ատյաններում մենք հասել ենք միայն դրական արդյունքների»,- ասաց Հրաչյա Ավետիսյանը:

Հաջորդ մրցանակակիրները «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» հումորային ծրագրի «Ռևիզոր» նախագծի լրագրողներն էին` երգիծանքով կոռուպցիայի դեմ պայքարելու համար. «Շնորհակալություն այս մրցանակի համար, սա լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի մենք նոր վճռականությամբ, նոր ուժերով պայքարենք այդ չարիքի դեմ, որին մենք ատում ենք, այո՛, մենք ատում ենք կոռուպցիան»,- թիմի անունից հայտարարեց «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» նախագծի հեղինակներից Սերգեյ Սարգսյանը:

«Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակին արժանացավ ՀՀ Փաստաբանների պալատը` փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար:

«Փաստաբանների պալատը, իրոք, հակակոռուպցիոն մարտավարություն է իրականացնում, մենք ոչ միայն փաստաբանների հետ աշխատանքներում ենք այդ կոչերն անում, այլ նաև փաստաբանների դպրոցում ունկնդիրների սովորելու ընթացքում ենք փորձում դա ներդնենք նրանց գիտակցության մեջ»,- փոխանցեց պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Միջոցառումից հետո մայրքաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցավ իրազեկության ակցիա` «Կոտրիր կոռուպցիայի շղթան» կարգախոսով: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան ուսանողների բաժանմունքի ուսանողները և կամավորները քաղաքացիներին իրազեկեցին արշավի և կարգախոսների մասին` իրականցնելով հարցում: Ընդհանուր առմամբ` հարցմանը մասնակցել է 100 քաղաքացի:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ